Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, Panorama.amՄարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։

Վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Վճռում ասվում է, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ ենթադրյալ պնդումները։

Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ՝ արված ծախսերի համար։ ՄԻԵԴ-ը Հունգարիայի հետ կապված խախտում չի արձանագրել։

Ինչպես ասվում է ՄԻԵԴ վճռի փաստական հանգամանքներում, գործը վերաբերում է Հունգարիայում դատապարտված մարդասպանին ու Ադրբեջան տեղափոխվելուղ հետո տրված նախագահական ներումին, որտեղ նա պետք է կրեր պատժի մնացած մասը։

Դիմումը ՄԻԵԴ ներկայացրել են հայ երկու քաղաքացիներ՝ Հայկ Մակուչյանը (ծնված՝ 1975թ․-ին) և Սամվել Մինասյանը (ծնված՝ 1958թ.), որն այժմ մահացած է ու նրա փոխարեն հանդես են գալիս Մինասյանի այրին և նրանց երկու երեխաները։

2004 թ.-ին Հայկ Մակուչյանը և Մինասյանի ազգականը (քրոջ որդին)՝ Գուրգեն Մարգարյանը, որոնք հայկական բանակի անդամներ էին, մասնակցում էին անգլերենի դասընթացի Բուդապեշտում, որը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի հովանավորությամբ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի կողմից: Դասընթացին մասնակցում էին նախկին Խորհրդային Միության յուրաքանչյուր պետությունից երկու մասնակից, այդ թվում ՝ Ադրբեջանից:

Դասընթացի ընթացքում ադրբեջանցի զինծառայողներից Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանեց քնած Գուրգեն Մինասյանին։ Սաֆարովը փորձել էր նաև ներխուժել Մակուչյանի սենյակ՝ նախքան Հունգարիայի ոստիկանության կողմից ձերբակալելը:

Սաֆարովը դատապարտվել էր բացառապես դաժան և կանխամտածված սպանության և սպանության նախապատրաստման համար և դատապարտվել էր Հունգարիայի դատարանների կողմից ցմահ ազատազրկման՝ 30 տարի անց պայմանական ազատման հնարավորությամբ:

Քրեական դատավարության ընթացքում Սաֆարովը չզղջաց՝ խոստովանելով, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին՝ իր հայկական ծագման պատճառով, և քանի որ դասընթացի հայ մասնակիցները նրան հրահրել և ծաղրել են:

2012թ․-ին, Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով, Սաֆարովը տեղափոխվեց Ադրբեջան՝ պատժի մնացած մասը կրելու պայմանով՝ ԵԽ կոնվենցիայի համաձայն:

Սակայն Ադրբեջան ժամանելուն պես, Սաֆարովը նախագահական ներում ստացավ, ազատ արձակվեց ու ստացավ մայորի կոչում, արժանացավ բնակարանի և ութ տարվա աշխատավարձի:

Դիմումատուները պնդում են, որ Ադրբեջանը պատասխանատու էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) համար, քանի որ հարձակումը կատարվել է ադրբեջանցի զինծառայողի կողմից, և քանի որ նրան շնորհվել է ներում, ինչը կանխել է նրա պատժի լրիվ կատարումը: Նրանք դժգոհում են, որ Հունգարիան ևս խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը`տրամադրելով և կատարելով Սաֆարովի տեղափոխման վերաբերյալ հայցը՝ առանց համապատասխան պատշաճ պարտավորություններ ձեռք բերելու, որ նա կկրի իր պատիժն Ադրբեջանում:

Նրանք նաև պնդում են, որ 14-րդ հոդվածի համաձայն (խտրականության արգելում)`2-րդ հոդվածի հետ միասին, հարձակումը եղել է էթնիկ դրդապատճառներով ատելության հանցագործություն, որը Ադրբեջանի կառավարությունն ընդունել էր և հաստատել` սպային նախագահական ներում շնորհելով և խրախուսանք տալով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում