«Փաստ»․ Իշխանությունը թերագնահատեց կորոնավիրուսի վտանգը

«Փաստ»․ Իշխանությունը թերագնահատեց կորոնավիրուսի վտանգը

«Կորոնավիրուսի համավարակը լուրջ խնդիր է դարձել Հայաստանի համար։ Վարակի տարածման տեմպերը չեն նվազում, ավելին՝ գնալով ահագնացող չափեր են ընդունում։ Եվ այսպիսի իրավիճակում հատուկ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումն ուղղակի անհրաժեշտություն է, որպեսզի հնարավոր լինի կարճ ժամանակ հետո երկիրը վերադարձնել առօրյա ռեժիմի։

Սակայն ամենապրոբլեմատիկն այն է, որ չկա համընդհանուր պատկերացում իրավիճակի լրջության մասին։ Առաջին հերթին այս հարցը գտնվում է ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակության պատասխանատվության տիրությում։ Հասարակության մասով դժվար է չհամաձայնել իշխանությունների հետ: Այստեղ կարևոր է յուրաքանչյուրիս դերը:

Պատասխանատվության հարցը առավել քան կարևոր է՝ հաշվի առնելով, որ երկու ամիս շարունակ երկրում կարանտին էր հայտարարված, սակայն հնարավոր չեղավ այդ ժամանակահատվածն արդյունավետ օգտագործել վարակի հետագա տարածումը թույլ չտալու և տնտեսական վիճակի հետագա վատթարացումը կանխելու ուղղությամբ։

Իսկ թե ինչո՞ւ հնարավոր չեղավ այդ ժամանակ կանգնեցնել վարակի տարածումը, պատճառները խորքային են։

Նախ՝ իշխանությունները թերագնահատեցին կորոնավիրուսի վտանգը նույնիսկ այն ժամանակ, երբ մեր երկրում այն դեռ սաղմնային վիճակում էր, իսկ Չինաստանում և այլ երկրներում կարանտինային խիստ ռեժիմ էր հայտարարված և հիվանդությունից բազմաթիվ մարդիկ էին մահանում։

Իշխանությունները, ըստ երևույթին, չէին էլ պատկերացնում, թե ինչպես պետք է պայքարել վարակի դեմ։ Ուստի նրանց անկազմակերպ և շատ հաճախ իրարամերժ գործելակերպը հանգեցրեց նրան, որ հանրությունը ևս սկսեց անլուրջ վերաբերվել համավարակի վտանգին։

Եվ իզուր չէ, որ միայն ուշացումով վարչապետն ու ոլորտների պատասխանատուները իրենց հայտարարություններով փորձում են հանրությանը ցույց տալ իրավիճակի բարդությունը և ներկայացնել, որ սին են հանրության շրջանում տարածում գտնող այն խոսակցությունները, թե համավարակն ուղղակի հորինվածք է, և հիվանդության դինամիկան արհեստականորեն ուռճացվում է։

Սրան զուգահեռ՝ հատկանշական է, որ իշխանությունները, կարծես, ցանկություն չունեն ընդունել իրենց բացթողումները և իրավիճակի պատասխանատվությունը իրենց ուսերին վերցնել, ինչը գալիս է նրանց մեծամտությունից, թե իրենք ստացել են ժողովրդի գերակշռող մեծամասնության քվեն և ունեն ժողովրդի վստահությունը, հետևաբար իրենք չեն կարող սխալ գործել։

Իսկ պատճառն այն է, որ այսօրվա իշխանավորները աշխատելու փոխարեն ուղղակի դողում են իրենց վարկանիշի վրա։ Ու դրանով է պայմանավորված, որ իշխանությունները խոսում են հանրային և քաղաքացիական պատասխանատվության մասին, բայց երբեք չեն շոշափում իրենց պատասխանատվության հարցը։

Նրանք հարցը միտումնավոր ուղղում են հասարակության պատասխանատվության տիրույթ, և եթե իրավիճակը սրվի, ապա մեղավոր են բոլորը՝ մարդիկ, բանկերը, արտադրությունները, տնտեսվարողները, միայն ոչ իրենք»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում