Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ

Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Panorama.amՎարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Մայիսի 25-ին հաշվետու զեկույցով հանդես է եկել Արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրոպական միության և եվրոպական մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի, անմիջական հարևաններ Վրաստանի ու Իրանի հետ փոխգործակցության, տարբեր տարածաշրջանների երկրների հետ հարաբերությունների առավել զարգացմանը միտված քայլերը: Առանձնահատուկ կարևորվել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափի հաստատումը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը և մեր երկրի դիվանագիտական ծառայության ներուժի լիարժեք իրացմանն ու ամրապնդմանը միտված հետևողական աշխատանքների իրականացումը: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքական գործընթացում ընդգծել է տնտեսական բաղադրիչի ընդլայնման անհրաժեշտությունը:

«Բոլոր ուղղություններով արտաքին քաղաքականությունը պետք է զուգորդվի տնտեսական նախագծերի ներկայացմամբ ու ներգրավմամբ»,– ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքականության վերաբերյալ պատասխանատուներին տվել է նաև կոնկրետ այլ հանձնարարականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում