Հունաստանը զբոսաշրջիկներին գրավելու համար կիջեցնի մի շարք ապրանքների և ծառայությունների գները

Հունաստանը զբոսաշրջիկներին գրավելու համար կիջեցնի մի շարք ապրանքների և ծառայությունների գները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Հունաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի թուլացման պայմաններում զբոսաշրջիկներին գրավելու համար գների իջեցումներ են սպասվում, հայտնում է The Sun պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ներքին և արտաքին զբոսաշրջությունը խթանելու համար կառավարությունը որոշում է կայացրել հանգստացողների շրջանում մեծ պահանջարկ վայելող մի շարք ծառայություններ ու ապրանքներ ավելի մատչելի դարձնել։

Ծրագիրը նախատեսում է կղզիների միջև թռիչքների, լաստանավային և ավտոբուսային ծառայությունների, զվարճանքների այգիների տոմսերի, ինչպես նաև ծովային զբոսանքների գների նվազեցում։

Եվս մեկ առաջարկի համաձայն՝ զեղչեր կլինեն նաև զբոսաշրջիկների սննդի, սուրճի և առանց ալկոհոլային խմիչքների համար։ Նման հնարավորության համար իշխանությունները նվազեցրել են ապրանքների հարկային դրույքաչափը՝ 24 տոկոսից հասցնելով 13 տոկոսի։

Նշվում է, որ երկրում զբոսաշրջային սեզոնը սկսվում է հունիսի 15-ից․ այս օրվանից սկսած երկրում սեզոնային հյուրանոցները կսկսեն իրենց գործունեությունը։ Երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի խոսքով՝ հուլիսի 1-ից սպասվում է օտարերկրյա հանգստացողների առաջին թռիչքը երկիր։

Տեղական լրատվամիջոցները, հղում տալով իրենց աղբյուրներին, նշում են, որ երկիր առաջինը թույատրելի կլինեն Ավստրալիայից, Կիպրոսից, Իսրայելից, Չինաստանից, Ճապոնիայից, Դանիայից, Ավստրիայից և հարևան բալկանյան երկրներից ժամանածների մուտքը։ Նշվում է, որ վերջիններս կարանտիանյին ռեժիմում չեն մնալու, դրա փոխարեն կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ են հանձնելու։

Վերջին տվյալների համաձայն՝ Հունաստանում կորոնավիրուսով վարակվել է 2874 մարդ, մահացել է 169, արդեն ապաքինվել՝ 1374 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում