Ի՞նչը և ինչպե՞ս են հերքում ՀՀ իշխանությունները

Ի՞նչը և ինչպե՞ս են հերքում ՀՀ իշխանությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.amԱզգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը երեկ շատ հետաքրքիր գրառում է արել «կապ չունեցող կապերի և դրանք «բացահայտողների» մասին»։ Ինձ թվում է՝ նման բան գրելու միտք նրա մոտ ծնվել է իր նախորդ գրառումից, որտեղ, իբրև թե հերքել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ադամանդների մասին վերջերս արված բացահայտումը։ Քաղաքագետ Արմեն Մինասյանն այսօր տվել է պարոն Թունյանի երկրորդ այդ գրառման շատ հիմնավոր պատասխանը հետաքրքրողները կարող են ծանոթանալ ահա այս հղմամբ։

Բայց ինձ այլ հարց է հետաքրքրում՝ ի՞նչն է հերքել հարգարժան պատգամավորը։ Որովհետև Միքայել Մինասյանը կասկածի տակ չէր դնում արտահանման թվերը։ Նա ասում էր, որ Հայաստանում ադամանդ մշակելու մարդկային այդքան ռեսուրս չկա։

Այս հարցը հենց այնպես չի ծագել։ Վաղուց եմ նկատել, որ ՀՀ իշխանությունները հերքում են ոչ թե իրենց ուղղված բուն մեղադրանքները, այլ այդ մեղադրանքներին առնչվող, բայց երրորդական, չորրորդական նշանակություն ունեցող տարրերը։ Եկեք մի քանի օրինակ դիտարկենք։

Ս.թ. Ապրիլի 4-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հերքել է այն լուրը, թե Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն ու ԵՄ-ն զրկել են Քաղավիացիան լիցենզիայից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է այդ առիթով հայտարարել, որ ոչ ոք չի կարող զրկել ՀՀ պետական այդ մարմինը լիցենզիայից։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ խոսք էր գնում ոչ թե Քաղավիացիայի կոմիտեի լիցենզիայի, այլ այդ կառույցի կողմից տրամադրված լիցենզիաները չճանաչելու մասին։ Այսինքն Կառավարությունն ու իշխանությունները հերքել են մի բան, որի մասին խոսք էլ չէր գնում։ Իսկ այն, որ մեր ավիաընկերությունները հիմա այլևս չեն կարող դեպի ԵՄ երկրներ թռիչքներ անել, իշխանական միջանցնքերում, կարծես, ոչ ոքի չի էլ հուզում։

Մեկ այլ օրինակ։ 2019թ. սեպտեմբերին լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Կառավարության գաղտնի որոշմամբ շուրջ 2 մլն. դոլար գումար է հատկացվել Վարչապետ Փաշինյանի կառավարական առանձնատան հիմնանորոգման, վերանորոգման և կահավորման համար։ Նիկոլ Փաշինյանը հերքեց այդ լուրը։ Ավելի ճիշտ՝ հերքեց այդ լուր մի մասը միայն։ Ասաց, որ նորոգման համար այդքան գումար չի ծախսվել։ Իսկ թե կահավորման, հարակից այլ գործերի (այդ թվում անվտանգային համակգերի արդիականացման և այլն) մասով ոչինչ չասաց։ Բայց համարեց, որ այդ լուրն էլ է արդեն հերքված։

Մի խոսոքով, սա արդեն ձեռագիր է։ Իշխանությունները չեն հերքում այն, ինչը պետք է հերքեն։ Փորձում են, ժողովրդական լեզվով ասած, «ֆռցնել» ժողովրդին ու շարունակել իրենց բացթողումներն ու չարաշահումները այդկերպ կոծկել։ Խորհուրդ եմ տալիս այսուհետ ավելի ուշադիր լինենք, թե ինչն են հերքում ու ինչպես։ Թե չէ մարդիկ արդեն սկսել են մասնագիտանալ այդ հարցում, կապ չունեցող կապեր են ուսումնասիրում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում