«Սկսում ենք զարգացնել տուրիզմը երկրի մարզերում». Վրաստանի վարչապետ

«Սկսում ենք զարգացնել տուրիզմը երկրի մարզերում». Վրաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Tert.amՎրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ պետությունը զբոսաշրջության զարգացման գործում շեշտը պետք է դնի մարզերի, այլ ոչ թե մայրաքաղաք Թբիլիսիի վրա: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

«Մենք պետք է մի բան հիշենք. մենք դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ ենք ապրելու այս վիրուսի հետ, հնարավոր է՝ մի քանի ամիս կամ տարի: Մենք պետք է պատրաստ լինենք ամենավատ սցենարին և պետք է հասկանանք, որ հարկավոր է ամրապնդել մեր առավելությունը որպես զբոսաշրջային երկիր»,- ասել է Գախարիան մայիսի 19-ին Կախեթի մարզ կատարած այցելության ժամանակ:

Վրաստանի վարչապետի խոսքով՝ երկիրն այս տարի չի կարողանա նույն քանակի զբոսաշրջիկ ընդունել, որքան նախորդ տարիներին:

«Մենք բոլորս էլ պետք է հաշտվենք այն փաստի հետ, որ չենք կարող նույն քանակությամբ զբոսաշրջիկ ընդունել, որքան անցյալ տարի, բայց մենք պետք է ավելացնենք մեր մրցակցային առավելությունները, ինչպիսիք են մեր պատմությունը, գինեգործության 8000-ամյա պատմությունը, պատմական հուշարձանները, խոհանոցը, մշակույթը, հյուրընկալությունը: Առաջին հերթին, մենք պետք է զարգացնենք տուրիզմը մարզերում, այլ ոչ թե Թբիլիսիում: Կան ռիսկեր, որոնց հսկողությունը Թբիլիսիում ավելի դժվար է, դա ավելի հեշտ է անել Կախեթիում և այլ մարզերում»,- հայտարարել է Գախարիան:

Վարչապետը նշել է, որ Վրաստանը կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարող երկրի համբավ է ձեռք բերել, որը պետք է պահպանել և վտանգի չենթարկել Վրաստանը, հակառակ դեպքում զբոսաշրջիկները չեն այցելի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում