Հայկական կողմը դեռ ձևավորված բանակցային դիրքորոշում չունի. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Հայկական կողմը դեռ ձևավորված բանակցային դիրքորոշում չունի. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, Tert.amԻշխանությունը փախչում է Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունից և պատասխանատվությունից: Այդ մասին «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կոնսենսուս չկա, հետո ասում է, որ Արցախը Հայաստանի մաս է, հետո ասում է, որ կան սադրիչներ, որոնք պատերազմ են հրահրում, բոլոր այս խոսքերն օգտագործվում են մեր դեմ: Եվ կատարյալ հիմարություն է ասել, որ Արցախյան հարցում չկա կոնսենսուս»,– նշել է նա:

Նա ընդգծել է, որ իշխանությունը փախչում է հարցերին  պատասխանելու անհրաժեշտությունից և պատասխանատվությունից: «Ի՞նչ է նշանակում՝ ինչ պետք է, բանակցում ենք: Ո՞ւմ է ինչ պետք, Ալիևի՞ն, որովհետև փաստացի փուլային տարբերակն է սեղանին դրված: Մեր ժողովուրդը ցույց է տվել և իր լավագույն զավակների կյանքով է ցույց տվել, թե ինչ է պետք»,– ասել է Մելիք-Շահնազարյանը:

«Ես ասել եմ և շարունակում եմ պնդել, որ հայկական կողմը դեռ ձևավորված բանակցային դիրքորոշում չունի: Նրանք փորձում են հակազդել այս կամ այն սպառնալիքներին, փորձում են պատասխանել այդ պահին առաջացած խնդիրներին, հարցադրումներին, բայց չկա հստակ մշակված բանակցային դիրքորոշում՝ ինչ են բանակցում և ինչ են ուզում: Սկզբից ասում էին չկա բանակցություն, հետո Լավրովն ասաց, որ կա, էլ չեն հերքում, բայց հերքում են բանակցությունների թեման»,- նշել է նա:

Քաղաքագետն ընդգծել է, որ օրակարգից դուրս թողնելով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները՝ մենք կորցրել ենք պատերազմը դիվանագիտական ուղով զսպելու մեթոդները:

«Ադրբեջանն այսօր զգացել է միջնորդների շահերը, տեսել է մեր սխալները և, այդ ամենը փաթեթավորելով, այսօր առաջ է տանում իր քաղաքական շահը»,- ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Խոսելով հրադադարի կնքումից հետո 26 տարիների ընթացքում միջազգային հանրության ընկալումների վրա ազդելու Հայաստանի և Արցախի ջանքերի մասին՝ նա ասել է. «Այն փաստը, որ Արցախի անկախության ճանաչումը դարձել է ինչ-որ տեղ նաև միջազգային հանրության պահանջ, արդեն անհերքելի է: Մենք, իհարկե, տեսնում ենք քաղաքական զսպվածություն՝ պետությունների կողմից ճանաչելու տեսակետից, բայց զուգահեռ տեսնում ենք, որ տարբեր երկրների նահանգներ առանձին-առանձին ճանաչում են Արցախի անկախությունը, կամ տարբեր խոշոր քաղաքներ առանձին-առանձին հարաբերություններ են հաստատում Արցախի այս կամ այն քաղաքի հետ»,– ասել է նա:

Մանրամասները տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում