Կոմֆորտի գոտուց դուրս. իշխանության նոր մարտահրավերները

Կոմֆորտի գոտուց դուրս. իշխանության նոր մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.amԱզգային ժողովում մայսիս 8-ին տեղի ունեցած միջադեպը որոշ հարցեր է առաջացնում Հայաստանի ներքաղաքական կյանքի ներկայի և ապագայի մասին։ Տեղի ունեցածին կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ: Այնուամենայնիվ ամենաուշագրավը ոչ թե պատգամավորների կռիվն էր, այլ՝ դրանից հետո հնչած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Նրա հախուռն մտքերից կարելի է եզրակացնել, որ կատարվածի մեղավորը ընդդիմությունն էր և նախկին իշխանությունները։ 

Ներկայիս արտակարգ իրավիճակում պետությունը և հասարակությունը գործում է իր կոմֆորտի շրջանակից դուրս՝ անսովոր պայմաններում։ Հասարակության կյանքը վերջին ամիսներին կտրուկ փոխվեց՝ վրա հասած համավարակի պատճառով։ Իշխանությունները, չունենալով ճգնաժամային կառավարման փորձ, սկսեցին գործել անորոշության և անկանխատեսելիության պայմաններում։ Սա ենթադրում է, որ քաղաքական առաջնորդները պետք է վերանայեն եղած խնդիրների նկատմամբ վերաբերմունքը և գործեն ըստ ճգնաժամի կանոնների։

Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ արձագանքենք, որ ելույթը էմոցիոնալ էր և հախուռն։ Խոսվեց ամեն ինչի մասին՝ հիասթափության, հեղափոխության, նախկինների և նրանց սադրանքների և այլն։ Սակայն ամենակարևոր կետը պատասխանատվության հարցն էր, որը, ըստ Փաշինյանի, ընկնում է ընդդիմության վրա։ Թվում է, թե ԱԺ-ում նման մեծամասնություն և լեգիտիմություն ունեցող ուժի առաջնորդը պետք է խուսափեր դա անելուց՝ փոխարենը վերահաստատելով իր հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին։ Սակայն զգացմունքները գերակայեցին, ինչպես եղել է նաև նախկինում։

Միջադեպին նախորդած արտակարգ դրության շրջանը բնավ չլիցքաթափեց հայաստանյան ներքաղաքական կյանքը։ Հակառակը, նախկինում կուտակված խնդիրները նորովի ակտիվացան։ Մինչ այդ ֆեյսբուքյան տիրությում թևածող հայհոյանքները և սպառնալիքները բարձրացան մեկ մակարդակ վեր՝ Ազգային ժողով։ Սկզբում Էդմոն Մարուքյանը և Ալեն Սիմոնյանը փոխանակվեցին վիրավորանքներով, այնուհետև Ալեն Սիմոնյանը փողոցում կռվի բռնվեց, իսկ այս ամենի բարձրակետը եղավ Սասուն Միքայելյանի հարվածը Էդմոն Մարուքյանին։

Ավելին, այս ընթացքում իշխանությունները «հարվածներ» ստացան տարբեր կողմերից՝ դրսից և ներսից։ Մի կողմից Սերգեյ Լավրովի հայտարարությունը բանակցությունների վերաբերյալ, մյուս կողմից Միքայել Մինասյանի և Արթուր Վանեցյանի հանդիպման բացահայտումը ցավալի հարվածներ էին իշխող վերնախավի հեղինակությանը։ Անգամ մամուլում խոսվեց այն մասին, որ վարչապետի ներկայությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել կառավարական ամառանոցում (ինչը պաշտոնապես հերքվեց)։ Այս ամենին գումարենք համավարակի տարածման տեմպը և պարզ է դառնում, որ իշխանություններն այլևս նախկին կառավարելի միջավայրում չեն և նախկին աշխատաոճը կարիք ունի վերանայման։

Այս ամենը նշանակում է, որ օդում կախված լարվածության մթնոլորտը իշխող թիմը համար միայն նոր խնդիրներ է ստեղծում։ Վերջիններս իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտություն ունեն։ Օբյեկիվ և սուբյեկտիվ պատճառներով ներքաղաքական կյանքը շարունակելու է լարված մնալ։ Համավարակի տարածումը ու սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, ընդդիմադիր հիմնական ուժերի հետ ծայրահեղ բևեռացումը և արտաքին հարաբերություններում հնարավոր բացասական հետևանքները միմիայն ի վնաս իշխանության են աշխատում։ Իսկ այս օրերին կառավարման ձախողումները կարող են հասարակական և պետական կյանքը խորը ճգնաժամի առաջ կանգնեցնել։ Հետևապես, առավել քան երբևէ Նիկոլ Փաշինյանը կարիք ունի մրցակիցների հետ երկխոսելու, այլ ոչ թե պատերազմելու նրանց դեմ։

Հովսեփ ԲԱԲԱՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում