AM | RU
USD
EUR
RUB

Մուշեղ Լալայան. «Գ. Նժդեհի շուրջ աղմուկը ո՛չ մեզ է ձեռնտու, ո՛չ ռուսներին»

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Times.amՀարցազրույց ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանի հետ։

Կրքերը հայ ազգի մեծագույն զավակներից Գարեգին Նժդեհի շուրջ չեն դադարում: Օրերս այդ թեմային հերթական անգամ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ТАСС-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում: Ըստ էության նա կրկնեց բոլոր այն թեզերը և հերյուրանքները, որ հնչեցրել էր նախկինում: Ձեր մոտեցումը, խնդրեմ:

Պատասխան - Ցավոք, Գ. Նժդեհի շուրջ հրահրվող աղմուկը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի նախագահի անհիմն հայտարարություններով: Ավելի մտահոգիչ են ռուսաստանյան մեր որոշ գործընկերների թյուրըմբռնումները և, հատկապես, Հայաստանի գործող իշխանության պատասխան քայլերի անհամարժեքությունը: Այդ պատճառով, կուզեի սկզբում հնարավորինս կարճ անդրադառնալ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Նժդեհի և նացիստների համագործակցության կնճռոտ խնդրին:

Պատերազմի հենց սկզբից Գերմանիայում հակահայկական ալիք բարձրացավ. գերմանական շատ թերթեր արդարացնում էին հայերի 1915թ. ցեղասպանությունը, նացիստական մարդաբանական գիտությունը հայերին դասում էր «առաջավորասիական» (ոչ արիական) ժողովուրդների շարքում և ուներ խիստ բացասական կարծիք հայերի մասին, Բեռլինում պաշտոնապես հայտարարում էին, որ հայերն անցել են Գերմանիայի թշնամիների կողմը և այլն: Արձագանքելով դրան` Երկրորդ աշխարհամարտի առաջին օրերին Բուլղարիայում, Ռումինիայում ու եվրոպական այլ երկրներում ծայր առան հակահայկական տրամադրություններ: Բուլղարիայում կային թերթեր և կազմակերպություններ, որոնք կոչ էին անում` հայերին արտաքսել երկրից, նրանց հետ վարվել հրեաների նման: Ռումինիայի վարչապետ Անտոնեսկուն հանձնարարել էր` հայերին տեղահանել հայաշատ քաղաքներից...

Այս իրավիճակում, Նժդեհը, «Մշակութային մերձեցման բուլղարահայկական կոմիտեի» միջոցով կապվում է Սոֆիայի գերմանական դեսպանության հետ, իսկ 1942թ. անցնում Բեռլին` հարցերը տեղում լուծելու համար: Բեռլինում նա հանդիպում է նացիստական կուսակցության ներկայացուցչի հետ ու իր անհանգստությունը հայտնում գերմանացիների կողմից տարվող հակահայկական քարոզչության համար: Առաջնորդվելով «գերմանական գայլին կուշտ պահելու և հայ գառնուկին փրկելու» քաղաքական սկզբունքով` Նժդեհը վերջինիս հետ պայմանավորվում է Բուլղարիայում հավաքագրել հայերի մի խումբ` Բեռլինում վարժվելու և Գերմանիայի` Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմում օգտագործելու համար: Նա կապվում է իր գաղափարակից Հայկ Ասատրյանի հետ, որի միջոցով Բուլղարիայում հավաքագրվում և Գերմանիա են մեկնում 30 արևմտահայ երիտասարդ ցեղակրոններ: Այնտեղ որոշ ժամանակ վարժվելուց հետո, հակառակ Նժդեհի հետ պայմանավորվածության, 1943թ. աշնանը խումբը ուղարկվում է Ղրիմ` Կարմիր բանակի թիկունքում օգտագործելու համար: Սակայն, գերմանական հրամանատարության հետ խոսելուց հետո, Նժդեհը կարողանում է հիմնավորել իր մարտիկների` ո´չ թե Ղրիմում, այլ` Թրակիայում գտնվելու անհրաժեշտությունը (այդ ժամանակ խիստ սրվել էին գերմանա-թուրքական հարաբերությունները) և անձամբ ժամանում է Ղրիմ, ու խումբը վերադարձվում է Բուլղարիա:

Այսպիսով, Նժդեհի համագործակցությունը նացիստների հետ եղել է գաղթաշխարհի հայությանը գերմանական սպառնալիքից փրկելու մտահոգությամբ և հակաթուրքական հողի վրա:

Այս համատեքստում, արժե մի քանի խոսքով անդրադառնալ Նժդեհի՝ խորհրդային ղեկավարության հետ համագործակցության՝ քիչ լուսաբանված թեմային:

1944թ. սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա: «Գիտեմ, թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա: Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները: Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին»,- գրում էր Նժդեհը 1944թ. սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ:
1944թ. հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է: Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից` ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում:

Որո՞նք էին Նժդեհի` Բուլղարիայում մնալու լուրջ պատճառները: Հանձնվելով կարմիրներին` Նժդեհը հույս ուներ, թե խորհրդային իշխանությունները իրեն, որպես հայ ազգայնականի, կօգտագործեն Թուրքիայի դեմ: Դրա համար, անշուշտ, իրական հիմքեր կային: Նա ենթադրում էր, որ Թուրքիան թիրախ կդառնա Խորհրդային Միության համար (1945թ. խորհրդային բանակը, իրոք, պատրաստվում էր մտնել Թուրքիա), և Կարմիր բանակի` Թուրքիային հարվածի դեպքում, հնարավոր կլիներ ազատագրել Արևմտյան Հայաստանն ու այն կցել Խորհ. Հայաստանին:

Փաստորեն, Արևմտահայաստանի ազատագրման համար Նժդեհն իր քառասնամյա հակաթուրքական պայքարի փորձն էր առաջարկում խորհրդային իշխանություններին (այս խնդրի հետ կապված` Մոսկվայում նա հատուկ խոսակցություն է ունենում գեներալ Աբակումովի հետ): Սակայն, միջազգային քաղաքական կյանքում իրադարձությունների հետագա փոփոխություններն՝ ի նպաստ Թուրքիայի, չարդարացրին Նժդեհի հույսերը. խորհրդային բանակը չշարժվեց Թուրքիայի վրա:

1947թ. Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն` «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհ. Հայաստանին: Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման` պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունեության ձևերին, կառուցվածքին և այլն: Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց:

1953թ., ինչպես վկայում է նրա բանտակից դաշնակցական Հ. Դևեջյանը, Նժդեհը դիմում է խորհրդային ղեկավարությանը` առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև որոշակի գործակցություն ստեղծելու համար: Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Խ. Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953թ., Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին` հակաթուրքական հողի վրա: Սակայն Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակն ուղարկել, և այն մնաց որպես միայն փաստաթուղթ:

Իսկ հարցը, թե ինչո՞ւ է սույն պատմական կոնտեքստում, որպես կանոն, թիրախավորվում հատկապես Նժդեհը, և ոչ՝ այլ հայազգի գործիչներ, ովքեր ևս համագործակցել են նացիստների հետ, նույնպես կարոտ է պատասխանի: Թերևս, այն պատճառով, որ Նժդեհը երբեք գործիք չի դարձել տարբեր ուժերի ձեռքին, իսկ իր կյանքն ու թողած գաղափարախոսությունն ունեն ձգողական ուժ և հավիտենական ուղենիշ են հայության համար:

Դուք խոսեցիք Հայաստանի գործող իշխանության քայլերի անհամարժեքությունից և ռուսաստանյան որոշ գործիչների մտահոգիչ պահվածքից: Պարզաբանեք, խնդրեմ:

Սկսեմ անհամարժեքության ակնառու օրինակներից: Նախ, անդրադառնամ անցյալ տարվա հոկտեմբերին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժանանակ Ն. Փաշինյանի հնչեցրած պատասխանին՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևին, ով միտումնավոր Գարեգին Նժդեհին պիտակավորեց իբրև ֆաշիստ, նշելով նաև, որ Հայաստանում «հերոսացվում է ֆաշիզմը»։ Գրոհելով՝ Ալիևը, կարծես թե, վստահ էր, որ իրեն հիմնավոր չեն հակադարձի, այլապես նա չէր կարող չիմանալ, օրինակ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ադրբեջանական լեգեոնի՝ նացիստների հետ սերտ համագործակցության և իրականացրած պատժիչ գործողությունների մասին: Հարց է ծագում՝ այդ դեպքում, որտեղի՞ց նրան այդ վստահությունը:

Ինչևէ, Փաշինյանը Ալիևին պատասխանեց այնպես, որքան թույլ տվեցին իր գիտելիքները։ Արդյունքում, նա ստանձնեց արդարացողի դերը, ինչը, հայտնի է, պարտության նշան է։

Այնինչ, պատասխանի ընտրության բավականին մեծ շրջանակ կար: Ն. Փաշինյանը կարող էր, օրինակ, իր ելույթում անդրադառնալ նացիզմի իրական հերոսացման ադրբեջանական փորձին, շեշտելով նաև, որ ՌԴ-ում հականժդեհյան տարաբնույթ ակցիաները հաճախ հովանավորվում են հենց թուրք-ադրբեջանական միջոցներով: Նա կարող էր ի ցույց դնել նացիստների հետ սերտորեն համագործակցած և Ադրբեջանում այսօր հերոսացվող Է. Ռասուլզադեին և Ա. Ֆաթալիբեյին, հիշեցնել, թե ինչ դերակատարում է ունեցել ադրբեջանական լեգեոնը, օրինակ, 1944թ.-ին Վարշավայի ապստամբության արյունահեղ ճնշման գործում: Սա այն դեպքում, երբ Նժդեհի կողմից Բուլղարիայում հավաքագրված արևմտահայերի խումբը երբևէ ռազմական գործողությունների մեջ չի մտել Կարմիր բանակի հետ և նախատեսված էր Թուրքիայի տարածքում հնարավոր գործողությունների համար: Համապատասխան իմացության դեպքում, նա կարող էր նաև հիշեցնել Ստալինին և Վորոշիլովին ուղղված՝ Նժդեհի պատմական նամակների մասին կամ, ի վերջո, մեջբերել նրա նշանավոր խոսքերը, թե «հայության միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է»…

Ի՞նչ գնահատական տալ այս ամենին. չիմացությո՞ւն, խորհրդականների և պատասխանատու օղակների անգրագիտությո՞ւն… Մի խոսքով՝ անհամարժեքությո՛ւն:

Հաջորդ օրինակը: Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ռուս մի լրագրող՝ իրավացիորեն նշելով, որ Գարեգին Նժդեհը հակասական կերպար է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների տեսակետից, քանի որ նա հայ ժողովրդի համար ազգային հերոս է, իսկ իրենց համար՝ ոչ միանշանակ կերպար, հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե արդյո՞ք ՀՀ վարչապետը նպատակահարմար է գտնում ստեղծել հայ և ռուս գործընկերներից բաղկացած մի խումբ, որը կքննարկի Գարեգին Նժդեհի կյանքի և գործունեության հակասական դրվագները:

Անաչառությունից ելնելով՝ փաստենք, որ ռուս լրագրողի հարցն իրականում բխում էր համերաշխության հաստատման ցանկությունից: Հիշենք, որ նախօրեին գրեթե նույնանման առաջարկ էր արել Ռուսաստանի հայերի միությունը:

Սակայն, ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը. ընդունեց տղայական կեցվածք, ցուցաբերեց Հայոց պատմության անթույլատրելի չիմացություն: Միաժամանակ, նա անպատշաճ հղում արեց Ռիբենտրոպ-Մոլոտով պակտին` փաստացի մեզ նույն շարքում դնելով լեհերի և բալթյան ժողովուրդների հետ, մոռանալով նաև, որ դեռ 1989թ.-ին ՌԴ օրենսդիր մարմինն արդեն իսկ տվել է քաղաքական և իրավական գնահատական հայտնի այդ պակտին: Ի դեպ, այս պատմական փաստի շահարկումը լավ մշակված քարոզչական թեզ է, որի նպատակն է Ռուսաստանի հնարավոր վարկաբեկումը` այլոց հաշվին: Մնում է Փաշինյանին հարցնել, թե ո՞վ է նրան խորհուրդ տվել՝ հղում անել նման խիստ վտանգավոր թեզի:

Միաժամանակ, տարբեր հայտնի և անհայտ ուժեր այսօր կարողանում են ՌԴ-ում հականժդեհյան կեղծ օրակարգ ձևավորել, և, ցավոք սրտի, մեր ռուս գործընկերներից ոմանք տրվում են այդ մոլորություններին: Այնինչ, պետք է համատեղ հասկանալ, թե ինչ ուժերի է առհասարակ ձեռնտու այդօրինակ հարցերի քաղաքականացման ճանապարհով հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ ստեղծելը:

Փաստերի համադրումը մեզ մղում է եզրակացնել, որ հայ-ռուսական հարաբերությունների խաթարմանը ձգտող ուժերը որոշակիորեն հասնում են իրենց նպատակին՝ Հայաստանում հակառուս ուժերի, իսկ ՌԴ-ում ծախու կամ անհեռատես գործիչների միջոցով: Ստացվում է զավեշտալի պատկեր. արևմտամոլության առաջատար հայաստանյան կայքը սկսում է Գարեգին Նժդեհին «պաշտպանել ռուսներից»: Բնականաբար, այդ պաշտպանության ընթացքում հարձակումներ են կատարվում հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ կամ թիրախավորվում են հայ-ռուսական համատեղ պատմության որոշ դրվագներ: Ի պատիվ ռուսաստանյան մեր մի շարք գործընկերների, նրանք այս նրբությունները լավ հասկանում են:

Այս տարի, Հայրենական Մեծ պատերազմում տարված հաղթանակի 75-ամյակի միջոցառումների շարքում իր ուրույն տեղն է ունենալու նաև նացիզմի դեմ պայքարի և պատմության նենգափոխման կանխարգելման թեմատիկան: Կանխատեսելի էր, որ նժդեհյան թեման շահարկելու և հայ-ռուսական հարաբերություններում անվստահություն սերմանելու համար ջանք և միջոցներ չեն խնայվելու:

Հայաստանի օրվա իշխանությանը հարկ է առհասարակ լրջանալ: Այսօրինակ հարցերում տղայական կեցվածքն ու անհամարժեք պատասխանները էապես վնասում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ինչին անհամբեր սպասում են մեր թշնամիները: Ցավոք, շահագրգիռ ուժերն ունեն լծակներ երկու կողմերում էլ, թե՛ ՌԴ-ում և թե՛ ՀՀ-ում: Վերոնշյալ խնդիրը պետք է անհանգստացնի նաև մեր ռուս գործընկերներին, և ավանդական հարցը, թե ո՞ւմ է դա ձեռնտու, պետք է հուզի նաև մեր ռազմավարական դաշնակցին:

Լրահոս
Արտակարգ դեպք Երևանում. «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո Դատական մարմիններում դրամաշնորհներ ստացող, դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ Կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները․ Գագիկ Ծառուկյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հանրայինի եթերում աղմկահարույց բանախոսի ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահը զանգել և շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունը Հանրային հեռուստատեսության հայտնի ռպորտաժի հետ կապված Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է. Բժիշկ Կորոնավիրուսով վարակված Նազարբաևը բուժվել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պե՛տք է լինի Հայ Դպրոցում Լավ է, որ սայլը տեղից շարժվեց. Աշոտյան Մամուլը գրում է, որ նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը. «Մեդիա պաշտպան» Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Վրաստանը միջանցք կբացի Հայաստանից տուն վերադարձող ռուսաստանցիների համար Նավթամթերքի շուկայում մենաշնորհները չեն վերացել. ՀՀ վարչապետ Համագյուղացիս՝ Վարդան Սմբատյանը, զենքը պահել է վրաս, հնչել է կրակոց, ջարդել են մեքենաս Ծառուկյանի պաշտպան. Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի Դատարանը քննում է Գ. Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը. ուղիղ Աֆրիկայում մեկ ամսում անհայտ պայմաններում ավելի քան 350 փիղ է սատկել Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593 դեպք, գրանցվել են նաև մահվան դեպքեր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» (տեսանյութ) ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական մի շարք զարգացումներ Երկրաշարժ Հայաստանում Երևանում և Գեղարքունիքում լույս չի լինի Զինված հարձակում՝ Մեքսիկայում. 24 մարդ սպանվել է Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Իշխանյան Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին. Աղասի Ենոքյան «Ժողովուրդ». Որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը «Ժողովուրդ». Չգիտեն ինչպես վարվել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հետ «Ժողովուրդ». Գլխավոր դատախազը պարգևատրել է մտերիմներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 2 «Փաստ». Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը «Հրապարակ». ԱԱԾ-ն՝ քաղաքական հետապնդումների գործիք «Հրապարակ». Դուրս եկեք «Ֆեյսբուքից», անջատեք բոլոր ֆեյքերին և զբաղվեք իրական աշխատանքով. խորհուրդներ իշխանություններին «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է «Փաստ». Այս մար­դիկ չեն կա­րող ո՛չ կա­ռա­վա­րել, ո՛չ էլ ճիշտ գոր­ծել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլականների վախը «Փաստ». Առա­ջարկ­վում է 4 անգամ ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը «Փաստ». Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. ներ­քին շու­կա­յում վա­ճառ­քի շուրջ 60 տո­կոս նվա­զում կա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan