«Կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինն օգնեց խուսափել սարսափելի սցենարներից». Զելենսկի

«Կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինն օգնեց խուսափել սարսափելի սցենարներից». Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, Tert.amՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում սահմանված կարանտինի շնորհիվ երկրում հաջողվել է խուսափել հիվանդության սարսափելի սցենարներից, և այժմ արդեն դրական միտումներ են նկատվում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Շատ դրական միտումներ կան: Կարանտինին խստորեն հետևելու շնորհիվ Ուկրաինային հաջողվել է խուսափել ամենասարսափելի սցենարներից: Ինչպես և մենք ենթադրում էինք, դրական միտումները սկսվել են կարանտինի մեղմացումից մեկ շաբաթ առաջ»,-ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ շատ կարևոր է հետևել սահմանափակող միջոցառումներին կարանտինի վերջին օրերի ընթացքում:

Միևնույն ժամանակ նախագահի գրասենյակն Առողջապահության նախարարությանը հղումով տեղեկացրել է, որ երկրում գրանցվում է առանց ախտանիշների վարակման աճ, ինչը բարձրացնում է կորոնավիրուսի տարածման վտանգը:

Վերջին տվյալներով՝ Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 697 դեպք, վարակման հետևանքով մահացել է 316 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 665 403 է, մահացել է 252 944 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում