Իրանում կորոնավիրուսից մահացության կտրուկ աճ է գրանցվել. աճել է նաև վարակման դեպքերի թիվը

Իրանում կորոնավիրուսից մահացության կտրուկ աճ է գրանցվել. աճել է նաև վարակման դեպքերի թիվը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Tert.amԻրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության աճ, կտրուկ աճել է մահացության դեպքերի թիվը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին:

«Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1223 նոր դեպք ամբողջ երկրի տարածքում: Հաշվի առնելով այս տվյալները՝ վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 98 647-ի»,- հայտարարել է Ջահանփուրը:

Նախորդ օրը վարակվածների թիվը 1000-ից քիչ է եղել:

Միևնույն ժամանակ, պաշտոնյայի ներկայացրած տվյալներով, վարակվածներից առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել ամենաքիչը 79 379 մարդ, Իրանն առողջացածների թվով աշխարհի լավագույն հնգյակում է:

Վերջին օրվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից մահացել է 74 մարդ (նախորդ օրը գրեթե երկու ամսում առաջին անգամ մահացության դեպքերի թիվը 50-ից ցածր էր և կազմում էր 47), զոհերի ընդհանուր թիվը երկրում հասել է 6277-ի:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 585 108 է, մահացել է 248 655 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում