Զգոնությունը պետք է մշտապես բարձր պահել՝ Արցախը փորձելով զերծ պահել վարակի նոր բռնկումից. Տիգրան Աբրահամյան

Զգոնությունը պետք է մշտապես բարձր պահել՝ Արցախը փորձելով զերծ պահել վարակի նոր բռնկումից. Տիգրան Աբրահամյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիների առողջական վիճակի, կիրառվող սահմանափակումների և այլ հարցերի շուրջ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է ԱՀ Պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարո՛ն Աբրահամյան, ինչպե՞ս է գնահատվում նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու վիճակը, և եթե նրանք ևս ապաքինվեն ու դուրս գրվեն հիվանդանոցից արդյո՞ք կարող ենք համարել, որ վարակի տարածումը կանխվել է Արցախում ու մարդիկ կարող են անցնել ամենօրյա բնականոն ռեժիմի:

-Մեր այդ երկու քաղաքացիների առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, բավարար է, և կարծում եմ, որ առաջիկա օրերին արդեն նրանք էլ ամբողջությամբ կապաքինվեն ու դուրս կգրվեն բուժհաստատությունից:

Մեր բուժաշխատողները պատվով են կատարում այս բարդ փուլում Արցախին, Հայաստանին ու աշխարհին սպառնացող համավարակի պայմաններում իրենց առջև դրված խնդիրը:

Պետք է նշեմ, որ եթե նույնիսկ Արցախում բոլորը ապաքինվեն, ապա մենք չենք կարող որոշ սահմանափակումներ վերացնել, որովհետև քանի դեռ ՀՀ-ում շարունակվում են նոր դեպքեր գրանցվել, այդ պայմաններում Հայաստանի հետ շարժերի սահմանափակումների վերացումը կարող է նոր խնդիրներ առաջացնել:

Պարետի որոշումներով՝ Արցախ ելքի ու մուտքի կարգավորումները, սահմանափակումներից բացի, սահմանում են նաև բացառություններ:

Դրանով մենք էականորեն նվազեցնում ենք վարակի տարածման ռիսկը, սակայն ամբողջությամբ դժվար է կանխել: Կան շարժեր, որոնք առկա իրավիճակում դժվար է սահմանափակել՝ բեռնափոխադրումներ, անհետաձգելի վիրահատություններ, ՊԲ կարիքներին վերաբերող շարժեր և այլն: Այնպես որ, մենք մեր զգոնությունը պետք է մշտապես բարձր պահենք՝ Արցախը փորձելով զերծ պահել վարակի նոր բռնկումից:

-Իսկ ՀՀ-ից Արցախ մուտք գործող մեր համաքաղաքացիների դեպքում արդյո՞ք կիրառվում է ինքնամեկուսացման ռեժիմ:

-Ինքանամեկուսացման կամ մեկուսացման ռեժիմը կարգավորվում է Պարետի որոշումներով, որում հստակ սահմանված են, թե որ դեպքերում պետք է քաղաքացին ինքնամեկուսացվի կամ մեկուսացվի: Մեկուսացվող քաղաքացիները տեղափոխվում են բուժհաստատություններ կամ մեկուսացման համար նախատեսված հյուրանոց:

Ինքնամեկուսացված քաղաքացիների դեպքում՝ նրանք են ընտրում վայրը, իսկ համապատասխան կառույցները մշտական վերահսկողություն են սահմանում:

-Պարո՛ն Աբրահամյան, ի՞նչ նոր խնդիրներ եք տեսնում հանրային իրազեկման առումով, արդյո՞ք տեղեկատվական շտաբը հնարավորություն ունենում է իր ասելիքը հասցնել հանրությանը:

-Տեղեկատվական շտաբը իր առջև դրված նվազագույն խնդիրները կատարել է՝ հանրությանը հասցնում է օպերատիվ և որքան հնարավոր է համապարփակ տեղեկատվություն: Մենք ունենք հետադարձ կապի հնարավորություն, ինչը մեզ թույլ է տալիս մեր քաղաքացիների դիտարկումներն ու դիտողությունները ստանալ՝ շտկել կամ պարզաբանել տարբեր իրավիճակներ:

Շնորհակալ ենք նաև այն ԶԼՄ-ներին, որոնք իրենց հարցադրումների միջոցով օգնում են՝ հասկանալու, թե որ ուղղությամբ պետք է առավել շատ մեր ջանքերը կենտրոնացնել, ինչպիսի հարցեր կան, որոնք լրացուցիչ պարզաբանման կամ փակագծերի բացման կարիք ունեն:

Ակտիվ աշխատում ենք հայաստանյան լրատվամիջոցների հետ, հարցադրումներ շատ են ստացվում հատկապես այնտեղի լրատվամիջոցներից:

Հանրությանը պարբերական տեղեկատվություն փոխանցելու նպատակով՝ տեղեկատվական շտաբը բացի կայքի, ֆեյսբուքյան էջի և տելեգրամի հնարավորություններից, ուղիղ հեռարձակումներ է տալիս Արցախի հանրային հեռուստաընկերության տեխնիկական ապահովմամբ, ինչի համար շնորհակալ ենք մեր գործընկերներին:

Փորձում ենք օգտագործել հանրության հետ հաղորդակից լինելու բոլոր հնարավորությունները՝ անընդհատ շտկելով այն բացթողումները, որոնք հագեցած աշխատանքային գրաֆիկում կարող ենք ունենալ:

Ամեն դեպքում, չկա որևէ լրատվամիջոց, որը ցանկանում է մեկնաբանություններ ստանալ որևէ հարցով ու դա չի տրամադրվում: Եթե օրենքով սահմանված կարգով ԶԼՄ-ներին պետական կառույցները կարող են պատասխանել 5 օրվա ընթացքում, իսկ որոշ դեպքերում, օրենքը սահմանում է 30-օրյա ժամկետ, ապա մեր պարագայում, մենք հարցադրումներին պատասխանում ենք մեկ օրվա ընթացքում, ես կասեի՝ առավելագույնը մի քանի ժամվա ընթացքում:

Համագործակցության համար տեղեկատվական շտաբը բաց է բոլորի համար՝ պատրաստ քննարկելու հանրությանը մատչելի, որակյալ տեղեկատվություն փոխանցելու գործառույթի իրացմանն ուղղված բոլոր առաջարկները:

Հարցազրույցը՝ Անի ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում