Սպառնալիքի դեպքում Իրանը կհրթիռակոծի տարածաշրջանի ամերիկյան ռազմակայանները. Իրանցի պաշտոնյա

Սպառնալիքի դեպքում Իրանը կհրթիռակոծի տարածաշրջանի ամերիկյան ռազմակայանները. Իրանցի պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Regionmonitor.comԻրանը հրթիռային հարվածներ կհասցնի տարածաշրջանի ամերիկյան ռազմակայաններին, եթե երկրի ազգային անվտանգությանը վտանգ սպառնա: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

Նրա խոսքով` Իսլամական հանրապետությունը վճռականորեն կարձագանքի իր անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիքի:

«Մենք երբեք պատերազմ չենք սկսի Միացյալ Նահանգների հետ, սակայն ցանկացած պատերազմի ավարտը, որը կարող է սկսել Վաշինգտոնը, կորոշի Իրանը»,- ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Ռեզային:

Ռեզային ԱՄՆ նախագահի սպառնալիքները «պարզ քարոզչություն» է անվանել, սակայն նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ «նրանց բազաները տարածաշրջանում վերահսկողության տակ են, և մենք կխոցենք դրանք հրթիռներով, եթե մեր ազգային անվտանգությունը վտանգի ենթարկվի»:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրամայել էր «խոցել և ոչնչացնել» իրանական ռազմանավերը, որոնք «հետապնդում են» ամերիկյան նավերը` Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական նավերի և իրանական ռազմանավերի միջև վերջերս տեղի ունեցած բախումից հետո:

ԻՀՊԿ-ի տվյալներով` ԱՄՆ-ի նավերը «ոչ պրոֆեսիոնալ և վտանգավոր» պահվածքի են դիմել ջրերում միջադեպի ժամանակ` «խնդիրներ ստեղծելով» իրանական մատակարարման նավերից մեկի համար, որը սովորական պարեկություն էր իրականացնում: Սակայն ԱՄՆ նավատորմի հայտարարության մեջ նշվում է, որ 11 ԻՀՊԿ-ի նավակները վտանգավոր մանևրներ են իրականացրել ԱՄՆ-ի ռազմանավերի մոտ:

ԻՀՊԿ-ն կտրականապես հերքել է այս հայտարարությունը` այն «հոլիվուդյան հեքիաթ» անվանելով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում