Հայաստանում ամեն օր մի նոր սկանդալ է՝ մեծ մասը բեմադրված․ Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Հայաստանում ամեն օր մի նոր սկանդալ է՝ մեծ մասը բեմադրված․ Աղասի Ենոքյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Tert.amՀայաստանում ամեն օր մի նոր սկանդալ է, դրանց մեծ մասը բեմադրված են և նպատակ ունեն շեղելու հասարակության ուշադրությունը, բայց Ռուսաստանը սպասում է Լավրովի հայտարարությանը պատասխանելուն, որը սպասում են Նիկոլ Փաշինյանից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։

Ըստ նրա՝ ՌԴ արտոգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի խնդրի կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ հայտարարությունն այս օրերին Հայաստանի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական զարգացումները պայմանավորող հիմնական գործոնն է։

«Հիմա Հայաստանում գնում են շատ տարբեր պրոցեսներ, ամեն օր մի նոր սկանդալ է։ Այդ սկանդալների մի մասը, կարծում եմ, նաև բեմադրված է, մյուս մասը՝ ենթադրենք Գավառի դեպքերը, այնպիսի սկանդալ են, որը կապ ունի իշխանության թուլության հետ։ Բայց ինչպիսի զարգացումներ էլ, որ Հայաստանում լինեն, այնուամենայնիվ, Ռուսաստանը սպասում է պատասխանի։ ՀՀ արտգործնախարարի տված պատասխանն ակնհայտորեն Լավրովին չէր բավարարում, որովհետև այնտեղ հստակություն չկար։ Նա պատասխանի է սպասում Նիկոլ Փաշինյանից»,- ասաց Աղասի Ենոքյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այժմ ԼՂ հիմնախնդրի բանակցային սեղանին քննարկվում է կարգավորման փուլային տարբերակը՝ առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում։

Հենց այս փուլում Սերգեյ Լավրովի կողմից նման հայտարարություն անելը, ըստ Աղասի Ենոքյանի՝ պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Առաջինը՝ կորոնավիրուսի հետևանքով նավթային ճգնաժամն է, որից տուժել են Ադրբեջանը և Ռուսաստանը։

«ՌԴ-ն ցանկանում է շուտափույթ իր տեղը ֆիքսել Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանը որոշ ժամանակ հետո կարող է բավականին թուլացած լինել և չկարողանա պնդել որոշումը, որ տարածքները պետք է անցնեն Ադրբեջանին։ Երևի պայմանավորվածություններ կան Նիկոլ Փաշինյանի հետ, և բոլորը տեսնում են, որ նրա իշխանությունը թուլանում է, նա այլևս չունի այն հեղինակությունը, ազդեցությունը Հայաստանում, այդ պատճառով ցանկանում են օր առաջ այս խնդրին լուծում տալ, քանի դեռ Փաշինյանը իշխանության է»,– ասաց նա։

Տվյալ պարագայում, Ենոքյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին մի քանի տարբերակ է մնում․ «Առաջինը՝ ազնվորեն խոստովանել, որ 2 տարի փուլային է քննարկել, և հայ հասարակությանը պատրաստի հենց այդ «խաղաղությանը»։ Մյուս տարբերակը հետևյալն է՝ նա տեսնելով, որ երկիրը չի ընդունում այսպիսի որոշումը, կարող է պարզապես շուռ տալ բանակցությունների սեղանը և ասել՝ ես դրան համաձայն չեմ։ Սա ավելի լուրջ պրոբլեմներ կառաջացնի՝ սկսած Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց մինչև պատերազմ։ Եվ 3-րդ տարբերակն այն է, որ կարող է պարզապես հրաժարական տալ»,- նշեց քաղաքագետը։

Աղասի Ենոքյանի կարծիքով՝ ԱԺ-ում միմյանց հայհոյելով սկանդալ սարքելը, փողոցում ծեծկռտուք կազմակերպելը ու նման քայլերը հայ հասարակության ուշադրությունը կարող են առժամանակ շեղել, բայց ՌԴ-ն պատասխան է պահանջելու։

«Ազգային ժողովում իրար հայհոյեն, բոլորը դրանով զբաղված լինեն, փողոցում ծեծեն, բոլորը դրանով զբաղված լինեն։ Այս ամեն ինչը նրա համար էր, որ հասարակության ուշադրությունը շեղվի Լավրովին պատասխանելուց, բայց սա երկրորդական է Ռուսաստանի համար և նա անընդհատ ավելացնում է իր ճնշումները։ Օրինակ՝ «Գազպրոմին» հրահանգեց 3 օրվա ընթացքում հավաքել գազի վարձավճարները, կամ բացահայտեց ինչ-որ սկանդալներ՝ Հրաչյա Հակոբյանի հետ կապված, որ ՌԴ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ է տարել։ Նա հերքեց դա, բայց էականն այն է, որ Ռուսաստանը նմանատիպ տարբեր արտահոսքեր է անելու, և ընդամենը նրա ասածը մեկն է՝ պատասխան տվեք ինձ»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում