Լրատվամիջոցների հասցեին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անարգանք են լրագրողների նկատմամբ. Հակոբ Ավետիքյան (տեսանյութ)

Լրատվամիջոցների հասցեին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անարգանք են լրագրողների նկատմամբ. Հակոբ Ավետիքյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ոչ մի անգամ որևէ մեկի դեմ որևէ բան թույլ չեմ տվել, որպեսզի տպվի մեր թերթում: Իմ թերթում տեղ գտած նույնիսկ քննադատությունները ենթարկվում են լուրջ ուսումնասիրության: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «ԱԶԳ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանն՝ ուղղված լրատվամիջոցներին:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ «վնգստացող» դատավորների, Սահմանադրական դատարանի, նախկին իշխանության կադրերի հարցերի հետ միասին, անդրադարձել էր նաև լրատվամիջոցներին՝ նշելով, որ լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը նախկինում իշխանությունից կոնկրետ փող է ստացել և այդպես է կառավարվել: Հիմա չեն ստանում, դրա համար էլ կատաղած են:

Հակոբ Ավետիքյանը Նիկոլ Փաշինյանի այս ձևակերպումները որակեց անարգանք լրատվամիջոցների նկատմամբ. «Ուրիշ երկրներում նման հայտարարությունները լուրջ հետևանքներ կունենային: Ասել՝ լրատվամիջոցների 99 տոկոսը ծախված են, սա անմեղության կանխավարկածի ոտնահարում է»:

Դիտարկմանը, որ շատ խմբագիրներ արձագանքել էին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ու ասել, որ վերջինս ինքն իր մասին է արտահայտվել, Հակոբ Ավետիքյանը նշել է. «Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթում ես գովազդ չեմ հանդիպել, հետևաբար, ինչպե՞ս է կարողացել ապրել: Անկարելի է, որ թերթը գոյատևեր, առանց կողմնակի եկամուտների»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին՝ Հակոբ Ավետիքյանն ասել է. «Ամոթ է, չի կարելի նման բառեր օգտագործել: Մեր ամբողջ խորհրդարանը դարձել է «ա-յախոս», բայց չէ՞ որ մենք «է-ախոս ենք»: Նիկոլ Փաշինյանի խոսքում կան բազմաթիվ բառեր, որոնք հայերեն չեն, էլ չեմ խոսում՝ «սամասուդ» բառի մասին»:

Հակոբ Ավետիքյանի խոսքով՝ նմանատիպ բառապաշարը հատուկ է քրեական ենթամշակույթին:

Խոսելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի արարողություններից՝ Հակոբ Ավետիքյանն ասել է. «Ինձ համար անընդունելի էր Նիկոլ Փաշինյանի ճառը Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, որը նաև ինքնագովազդի ճառ էր: Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ այլ հնարավորություններ ունի իր կարծիքը ժողովրդին, աշխարհին ներկայացնելու, բայց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը չի կարելի վերածել հանրահավաքի վայրի»:

Հակոբ Ավետիքյանի համար անհասկանալի էր, որ ոգեկոչման արարողությանը ներկա չէր ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, խորհրդարանական ընդդիմությունը, ոչ էլ մտավորականության խավը:

Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ ոգեկոչման արարողությունը հիշեցնում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում