Վարչապետին հորդորում եմ չվախեցնել ժողովրդին հների վերադարձով. Միքայել Մարգարյան (Տեսանյութ)

Վարչապետին հորդորում եմ չվախեցնել ժողովրդին հների վերադարձով. Միքայել Մարգարյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Արտակարգ իրադրության պայմաններում թույլ չի տրվել աշխատանքային գործունեություն ծավալել, մնացել եմ առանց եկամուտի և չեմ կարողացել կոմունալ վճարները կատարել, դրա պատճառով իմ տան հոսանքն անջատել են, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացի, երգահան Միքայել Մարգարյանը։

«Օգտվել ենք աջակցության ծրագրերից, հատուցումը եղել է ընդամենը 10 հազար դրամ գումարի չափով։ Ընտանիքս մեծ է, կոմունալ ծախսերս էլ են մեծ։ Հոսանքը երեկվանից անջատած էր, այսօր առավոտյան վարչապետի ելույթից հետո միացավ։ Սակայն զանգահարել է գազի տեսուչը և ասել, որ առավոտյան հորդոր են ստացել անջատել բոլորինը։ Այսինքն, վարչապետի խոսքը չի ընկալվել գազի վերաբերյալ։ Դա շանտաժի լեզու է, որն անթույլատրել է։ Ես հորդորում եմ կառավարությանը չխոսել այդ լեզվով» , – ասաց Միքայել Մարգարյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդական շարժումով իշխանության եկած կառավարությունն այսօր իրավունք չունի սպառնալիքի լեզվով խոսելու։

«Ես մերժել եմ հին իշխանությանը, և այսօր վարչապետին հորդորում եմ չվախեցնել ժողովրդին հների վերադարձով, մի փորձեք դա անել և օգտագործել ի օգուտ ձեզ, ի վնաս՝ ժողովրդի։ Դա անթույլատրելի է», – ասաց Միքայել Մարգարյանը։

Նշենք, որ Միքայել Մարգարյանը երեկ էլ էր բողոքի ակցիա իրականացնում կառավարության դիմաց և ոստիկանները նրան բերման էին ենթարկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում