Մարինե Սուքիասյան. Չի բացառվում, որ մենք ականատես լինենք հրաժարականների

Մարինե Սուքիասյան. Չի բացառվում, որ մենք ականատես լինենք հրաժարականների

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Times.am: «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանն իր հերթական հոդվածում գրում է.

«Երեկոյան երկրի առողջապահության նախարարը հանդես է գալիս իրավիճակի վերլուծությամբ, որտեղ որևէ հուսադրող միտում չկա։ Շաբաթվա թվերի աճը, վարակելիության օջախների՝ այլևս անվերահսկելիության փաստը ստիպում են նախարարին՝ խոսել առաջիկա հնարավոր պիկերի, նոր սցենարների մասին, երբ բոլոր հիվանդներին այլևս հնարավոր չի լինի հոսպիտալացնել և այլն։ Պետության օրը ավարտվում է այս տրամադրություններով՝ նախարարի հաշվետվությամբ։

Պետության հաջորդ օրը սկսվում է երկրի առաջին դեմքի լայվով. Առավոտյան 7-45: Եվ վարչապետը վաղ առավոտյան, քնած ժողովրդին դիմում է 3 օր առաջ տեղի ունեցած միջոցառման թեմայով, գովաբանում իրեն և մեղադրում նախկին իշխանություններին։ Մի կողմ թողնենք բոլոր նախասիրությունները։

Միջոցառումն իրոք լավն էր, և մասնակցում էին արտիստներ, որոնցից շատերը, ի դեպ, գնահատվել և պետական մակարդակով աջակցություն են ստացել երկրի պատմության վերջին երկար տարիների ընթացքում, իսկ նրանցից ոմանք նաև մասնակցել են «նախկինների» քարոզարշավին։ Ապրիլի 24-ն ավանդաբար եղել է տարաձայնությունների հարթման, հաշտեցման, սևուսպիտակի բացառման օր։ Օր, որն իր ցավի ուժգնությամբ միավորել է բոլորիս՝ անկախ մեր կուսակցական պատկանելությունից և բնակության վայրից։ Ինչո՞ւ դա առիթ դարձնել՝ հերթական բաժանարար նոտան ավելացնելու առանց այդ էլ վատ լարված նվագախմբի ելույթին։

Բայց անգամ դա է այսօր ընդամենը սիմպտոմատիկ և երկրորդական։ Այս ելույթը երկու այլ բան ընդգծեց.

– երկրի բարձրագույն ղեկավարը երեք օր շարունակ չի գտել մտածելու այլ հարց, քան մշակութային միջոցառման որակով հպարտանալը և դա օգտագործել որպես առիթ՝ քարը «նախկինների» ուղղությամբ նետելու։ Երեք օր շարունակ, վիրուսի շուրջ աճող լարվածության,
տնտեսական աճող անորոշության, մարդկանց տներում օրերցօր մեծացող անհանգստության պայմաններում, երկրի ղեկավարը չի գտնում մտածելու և մարդկանց դիմելու այլ թեմա, քան՝ հուշահամալիրի լուսավորությունը և համերգը, և չի դիմանում, սեփական ես-ն ընդգծելու համար լուսադեմին վերցնում է մեգաֆոնին փոխարինող հեռախոսը, որ ազդարարի իր ներքին ուրախության մասին։ Ցավալիորեն՝ պիտի սկսենք արդեն լրջորեն անհանգստանալ կառավարող օղակի ադեկվատության, իրավիճակին համարժեքության մասին։

– Հաջորդը՝ արդեն ավելի ու ավելի սուր է ընդգծվում կառավարության ներսում գործ անողների ու միայն խոսել սիրողների հակադրությունը։ Առաջինների վիճակը նախանձելի չէ, քանի որ նրանք սկսել են գիտակցել իրենց ուսերին հայտնված պատասխանատվությունը և փորձում են գտնել իրավիճակին համարժեք լուծումներ, որոնք կարող են և չհամապատասխանել մեգաֆոնով մարդկանց կողմից բարձրաձայնվող բաժանարար քաղաքական կուրսին, ստեղծել լրացուցիչ բարդություններ, երբ խնդիրներն արդեն իրենց ողջ սրությամբ կանգնեն կոնկրետ պաշտոնյաների առաջ։ Չի բացառվում, որ ոմանց նյարդերը տեղի տան, և մենք ականատես լինենք հրաժարականների, քանի որ դժվար է մնալ իրավիճակին ադեկվատ ու միաժամանակ ենթարկվել ոչ ադեկվատ քաղաքական կուրսին»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում