AM | RU
USD
EUR
RUB

Ճշմարտության պահը

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Սա անսովոր և սակավաթիվ այցելուներով ապրիլի 24 էր՝ Ծիծեռնակաբերդում և ամենուր։ Դրանով իսկ պատեհ առիթ՝ լուռ մտածելու ու մեր պատմության ողբերգական երևույթները մի փոքր այլ հայացքով դիտարկելու համար։ Հնարավորություն՝ նոր լույսի ներքո վերաիմաստավորելու հայտնի դեպքերի մեր ընկալումն ու իմացությունը։

Պատմության վերաիմաստավորումը պատմափիլիսոփայության ամենաարագ զարգացող ուղղություններից է, որը Միշել Ֆուկոյի «թեթև ձեռքով» այսօր դարձել է մտածողության նոր դպրոց։ Դրա ներկայացուցիչները պնդում են՝ պատմությունը սոսկ անցյալը չէ, այն ունի նպատակ։ Անցյալը պարունակում է զուտ փաստեր, պատմությունը՝ իմաստ ու բովանդակություն։ Այն սնվում է քննադատական մտածողությունից, փաստարկներից, տեսություններից ու կոնցեպտներից։ Դա բարդ կոնստրուկցիա է, որի վրա է դրվում ներկան ու կառուցվում ապագան։

Մեր հավաքական միտքը նախորդ հարյուրամյակի ընթացքում ավելի շատ կենտրոնացել էր Հայոց ցեղասպանության մանրամասն վավերագրման ուղղությամբ՝ զոհերի թվից մինչև եղեռնագործության ժամանակագրություն, հանցագործության քարտեզագրումից մինչև միջազգային քաղաքականություն։ Մեր պատմագիտական միտքը զբաղված էր ապացուցելու ցեղասպանության անժխտելիությունը, իսկ ազգային ջանքը՝ հասնելու դրա միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը։ Դա միանշանակ անհրաժեշտ է, բայց այսօր՝ ոչ բավարար։ Որովհետև ժամանակակից իրողությունները պահանջում են պատմության քննական իմաստավորում, քննադատական բովանդակություն՝ ինչո՞ւ եղավ, ինչպե՞ս, արդյոք կարո՞ղ էր չլինել և ի՞նչ դասեր էր պետք քաղել ազգային աղետից։ Արդեն քաղաքական հարթությունում պետք է չխուսափել հարցերից՝ իսկ որտե՞ղ սխալվեցինք, ի՞նչ չարեցինք, կամ ի՞նչ արեցինք, որ չպիտի անեինք։

Երբ այս լույսի ներքո նայում ենք Հայոց ցեղասպանության պատմությանը, ապա տեսնում ենք, որ կան բազմաթիվ սպիտակ էջեր՝ հենց մեր ընթերցման համար։ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, ի վերջո, ինքներս մեր մեջ ուժ պիտի գտնենք՝ դուրս գալու զոհի բարդույթից ու մեր ազգային աղետին նայելու նաև այդ՝ խիստ realpolitik–ի տեսակետից։ Հետևաբար, սրբադասելով ցեղասպանության զոհերին ու շարունակելով մեր ջանքն ընդդեմ ժխտողականության, հանուն ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման, պետք է զուգահեռ ապամիֆականացնենք մեր իսկ պատմությունը` այն «սակրալ» տեքստից դարձնելով աշխատանքային չափազանց օգտակար մի փաստաթուղթ, որից պետք է սովորել ու վերաիմաստավորել այն։ Ի վերջո գտնել, սերտել և սերունդներին փոխանցել «այլևս երբեք»-ի բանաձևը։

Ասվածը միայն Հայոց ցեղասպանությանը չէ, որ վերաբերում է։ Պատմության շատ դրվագների մասին մեր իմացությունը դեսակրալիզացնելու անհրաժեշտություն ունի։ 20-րդ դարի ու նաև դրան նախորդած ժամանակների պատմության մեր իմացությունն այդ կարիքն ունի, իսկ մեր` դեռ երեկվա պատմության առումով, գործընթացը կարծես թե սկսվել է։ Եվ դրա համար բոլորս պետք է շնորհակալ լինենք այս իշխանությանը։

Հայաստանի վերջին տասնամյակների պատմությունը քաղաքական պայքարին զուգահեռ ձևավորել էր միֆեր, որոնց, թվում է` ոչ ոք չէր էլ ցանկանում մոտ գալ, ստուգման ենթարկել դրանք։ Երկար ժամանակ հասարակությունը, նրա առանձին շերտերը սնվում էին դրանցով՝ ձևավորելով սեփական վերաբերմունքն ըստ սեփական սոցիալական դիրքի, ընկալումների և սպասումների։ Իսկ այդ բոլոր միֆերը հիմա հօդս են ցնդում։

20 տարուց ավելի Հայաստանն ապրում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկության «դավադրությունների տեսությամբ»։ Լինելով նորանկախ Հայաստանի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ այն նաև մեզանում ամենաշատը շահարկվածներից է։ Այսօր դրա մասնակիցների մեծ մասը կան, կան բոլոր վկայությունները՝ քրեական գործը, կրկին խոսելու պատրաստակամ ոճրագործները և «ամեն ինչ բացահայտելու կամքն» իր հերթական փիառ այցեքարտը դարձրած իշխանություն։ Ու հենց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, որն ամենաշատն էր հավատում և ցանկանում տեսնել «դարի դավադրությունը», ոչինչ տեղի չունեցավ։ Պարզվեց` այն, ինչ երկու տասնամյակ ակնարկում էին, սպառնում կամ զգուշացնում, որևէ աղերս չունի իրականության հետ։ Միգուցե պատճառն այն է, որ իրականում անհայտ գրեթե ոչինչ չի՞ մնացել։

Ուղիղ 12 տարի մեր ժողովրդին «կերակրել» են մարտի 1-ի «իշխանության դավադրության» միֆով՝ այդ ընթացքում ու մինչև օրս չխորշելով զոհերին քաղաքական պայքարի վահան դարձնել։ Եվ նորից. առանց բարդույթի, անգամ 10 զոհերի հիշատակից չամաչելով, մարտի 1-ը շարունակում է մնալ ներքաղաքական պայքարի կռվան։ Բոլորին ներշնչել էին, թե հենց Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, վերջապես, կբացահայտի «խնամքով թաքցվածը», առավել ևս, որ ուղիղ 2 տարի առաջ հենց նա՛ հայտարարեց. «մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է»։ Ի՞նչ ունենք այժմ. ոչինչ, բացի մեկ հանգամանքից. ինչպես 2008-ի մարտին, այնպես էլ 2018-ի մարտին, Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում էր գալ իշխանության։ 2018-ին հաջողվեց, և մարտի 1-ը քաղաքական միֆից դարձրեց քաղաքական գործիք։

Արդեն 4 տարի հանրային մեղադրանքների հիմքում ապրիլյան պատերազմն է. այն հաղթանա՞կ է, թե՞ պարտություն, դավադրությո՞ւն, թե՞ դավաճանություն, տանկերում վառելի՞ք էր, թե՞ ջուր, փամփուշտները բավարա՞ր էին, թե՞ ոչ, կռվի հրահանգավորումը Ռուսաստանի՞ց էր, թե՞ դա ապուշ բարբաջանք է։ Սրանք նույնիսկ հարցեր էլ չէին, այլ «աքսիոմներ»։ Ձևավորվեց նույնիսկ խորհրդարանական հանձնաժողով, որը վերածվեց անիմաստ թատրոնի և մեծ հավանականությամբ գալու է վավերացնելու հերթական միֆի սնանկությունը։

Ապամիֆականացվեց նաև նախկին ընդդիմության՝ առկա խնդիրները լուծելու կարողություն ունենալու մասին միֆը։ Մինչև այդ ու արդեն 30 տարի բոլորը հավատում էին, որ ընդդիմադիրները տաղանդավոր, անկաշառ, նվիրյալ մարդիկ են, ուղղակի հնարավորություն չունեին առաջնորդելու և ապացուցելու. պետք է հեղափոխություն անել, նրանց բերել իշխանության, և ամեն ինչ կընկնի իր տեղը։ Հիմա նրանք իշխանության են, և առկա խնդիրները լուծելու կարողություն ունենալու՝ նրանց մասին հյուսված տարիների միֆը հօդս է ցնդել։ Նրանց աշխատանքը և արդյունքները բոլորի աչքի առաջ են՝ խափանվող տնտեսություն, ձախողված միջազգային հարաբերություններ, գրպանային արդարադատություն, խեղված արժեքներ։

Ակնհայտ դարձավ ամենացավալին. պարզվեց, որ այս բոլոր միֆերը հասարակության հետևողականորեն հրամցվող՝ իշխանության և փողի համար պայքարի շատ սովորական գործիքներ էին։ Այդ միֆերը կապ չունեն ո՛չ իրականության, ո´չ հայրենասիրության, ո՛չ էլ ժողովրդի և պետության բարեկեցության հետ։ Ու այսօր, ստի թագավորությունը, որի ճարտարապետն ու հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, աստիճանաբար փլուզվում է։ Ու ինչպես միշտ է պատահում՝ փլուզվում է հենց կառուցողի գլխին։

Ճշմարտությունների բացահայտման այս ժամանակաշրջանը գուցե ցավոտ է, բայց նաև՝ օգտակար։ Օգտակար առաջին հերթին մեր ժողովրդի վաղվա համար։ Որովհետև պատմություն ունենալու համար պետք է ազատվել միֆերից։ Ապամիֆականացումը ստեղծում է պատմության ճիշտ շարադրանք, որի վրա պետք է հիմնել ապագան։ Եթե չլինի ապամիֆականացումը, այդպես էլ չենք հասկանալու, թե ո՞վ ենք մենք ու ինչի՞ ենք ընդունակ։ Եվ ի՞նչ պետք է անենք անընդունակ ու անկարող իշխանության հետ։ Նույն կերպ, մի օր թերևս գանք նաև ցավոտ եզրակացության, որ մեր բոլոր ողբերգությունների մեջ մեր մեղքի բաժինն ունենք։ Որովհետև չի կարող հաղթանակը լինել մերը, իսկ պարտությունը՝ հանգամանքների բերումով։ Ու մի օր հավանաբար հասկանանք, թե այդ ի՞նչ պիտի անեինք ինքներս՝ խուսափելու նախորդ դարասկզբի ազգային աղետից, որ չարեցինք կամ չկարողացանք անել այնպես, ինչպես պետք էր։ Որովհետև այն, ինչ ցանկանում էին և արեցին ուրիշները, հայտնի է մեզ էլ, աշխարհին էլ։

Հ.Գ. Միֆերը շատ ավելին են, քան թվարկված է։ Ուղղակի հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը և ապրիլյան պատերազմը այն տեսանելի եռանկյունին է, որի մեջ հարմար տեղավորվել են բոլոր մնացածները։ Ընթացիկ ապամիֆականացումների շարքը բացում է իրատեսության ու հեռատեսության հաղթանակի պատուհանը։ Իսկ դա հաջողության հասնելու առաջին քայլն է։ Հայաստանում «ճշմարտության պահն» է։

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան

 

 

Լրահոս
Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը Իրանում հայրը «հանուն պատվի» գլխատել է 14-ամյա դստերը. Ռոհանին կոչ է արել արգելել «հանուն պատվի» սպանությունները.«The Guardian» Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը՝ անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, նոր սկիզբ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan