Մենք հիշում ենք, բայց պահանջատեր լինելու համար կամք և ուժ է պետք․ Վլադիմիր Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք հիշում ենք, բայց պահանջատեր լինելու համար կամք և ուժ է պետք․ Վլադիմիր Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Այսօր՝ ապրիլի 24-ին, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն։ Analtiik.am-ի լրագրողին հաջողվեց մի քանի հարցի շուրջ զրուցել Գասպարյանի հետ։

Գասպարյանը նշեց, որ Եռաբլուր այցի նպատակն է ցույց տալ ավագ թոռանը և կրտսեր տղային, թե որտեղ են պահանջատերերը հանգչում․ «Եռաբլուրը մեր պահանջատեր տեսակի հանգչելու տեղն է: Էն հրեշտակ պահապաններին՝ միլիոն ու կեսանոց, որոնք երկնքում են, միացել են այս պահանջատեր տղաների հոգիները, որոնք նույնպես երկնքում են: Իրենք սրբացած են՝ անկախ նրանից սրբադասված են, թե՝ ոչ, որովհետև էս տղաները պահանջատերերն են, էս տղաները կասեցրեցին 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբի եղեռնը, էս տղաներն իրենց արյունով շաղախեցին, պարարտացրեցին էն հողը, որի վրա մենք կանգնած ենք: Դրա համար էլ այսօր այստեղ եմ»:

Գասպարյանը նաև նշեց, որ մենք հիշում ենք, բայց պահանջատեր լինելու համար կամք և ուժ է պետք․ «Պահանջատեր լինելու համար պետք է առաջին հերթին նվիրյալ լինես: Սա է այսօրվա դասը երիտասարդներին»:

Analitik.am-ի այն հարցին, թե արդյոք դասեր չենք քաղել պատմությունից, գեներալ-գնդապետը պատասխանեց․ «Ոնց-որ չեն ուզում քաղել: Ոչինչ, կօգնենք՝ կքաղեն: Չեն հասկանա օգնությունը, կներեք, էնպես կանենք, որ դասեր կքաղեն, որովհետև ժողովրդի ճակատագրի հետ խաղալը ոչ-ոք չի հանդուրժելու: Ես ինքս պատասխանատու եմ այստեղ հանգչող բոլորի առաջ, իրենց բոլորի համար. նրանք իմ ընկերներն են, թույլ չեմ տա, չեմ հանդուրժի, և իմ նմանները հազարավորներն են, որ չեն հանդուրժի երկրի ճակատագրի հետ խաղալը՝ արկածախնդրությամբ, երևակայություններով և այլ երևույթներով, չմտնեմ քաղաքական դաշտ, դա ինձ հոգնեցնում է»։

Գասպարյանը նաև նշեց, որ գիտի, թե ուր է գնում մեր երկիրը, բայց դեռ ուշ չէ․ «Ես պատկերացնում եմ, թե ուր ենք գնում, բայց դրա դեմն առնել կլինի, դեռ ուշ չէ»։

Լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Լավրովի վերջին հայտարարությունը, Գասպարյանն ասաց․ «Թողնենք և՛ Ղարաբաղյան կարգավորման հարցը, և՛ Լավրովի հայտարարությունը, գազի և այլ խոսակցությունները մեկ այլ առիթով, ես խոսք եմ տալիս, որ կարոտ չեմ թողնի ձեզ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում