Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն» ՀԿ-ն կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն» ՀԿ-ն կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն» հասարակական կազմակերպության ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել` կոչ անելով Ապրիլի 24-ը ճանաչել որպես Ցեղասպանության օր, ներողություն խնդրել հայերից, ասորիներից և հույներից, նրանց փոխհատուցում վճարել կորցրած ունեցվածքի և անշարժ գույքի համար: Այս մասին տեղեկացնում է sol.org.tr կայքը:

Կազմակերպության հայտարարությունում ասված է.

«Ապրիլի 24-ը հայերի, ասորիների և անատոլիացի հույների ցեղասպանության հիշատակի օրն է: 1915թ. ապրիլի 24-ն այն օրն է, երբ հայերը, այդ թվում՝ մտավորականներ, արվեստագետներ, մտավորականության առաջնորդներ, դուրս հանվեցին Ստամբուլում իրենց տներից և ուղարկվեցին մահվան ճանապարհով: Եկեք մի քանի օրինակով վերհիշենք իրենց ժամանակի ամենանշանավոր մտավորականներին և տարբեր մասնագիտությունների տեր նշանավոր հայերին.

Արմեն Դորյան՝ պոետ, Սորբոնի համալսարանի շրջանավարտ, նա ընդամենը 23 տարեկան էր

Երվանդ Չաուշյան՝ համալսարանական դասախոս, գրող, լրագրող

Ռուբեն Զարթարյան՝ պոետ, գրող, ուսուցիչ, թարգմանիչ

Դիրան Քելեքյան՝ քաղաքական պատմության դասախոս, գրող, խմբագիր և թարգմանիչ: Եղել է թուրքական Sabah թերթի գլխավոր խմբագիրը:

Երվանդ Սրմաքեշանլըյան՝ թարգմանիչ, լրագրող

Ռուբեն Սևակ Չիլինգիրյան՝ բժիշկ, հայ գրականության առաջատար ու ամենաճանաչված պոետներից մեկը

Նազարեթ Դաղարվարյան՝ գյուղատնտեսության ինժեներ, բժիշկ, պատմաբան, պատգամավոր Սըվազից (Սեբաստիա)

Լևոն Քիրիշչիյան՝ դասախոս, պոետ, գրող, թարգմանիչ

Դանիել Վարուժան՝ լուսավորիչ, հայկական պոեզիայի երևելի դեմքերից մեկը

Սիամանթո՝ Սորբոնի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շրջանավարտ, հայկական լիրիկական պոեզիայի երևելի դեմքերից մեկը

Կոմիտաս՝ երաժշտագետ, հոգևորական, հայ մտավորականության կարևորագույն դեմքերից մեկը

Գրիգոր Զոհրաբ՝ գրող, պոետ, իրավաբան, պատգամավոր: Խորհրդարանում աչքի էր ընկնում վառ ելույթներով և այն ժամանակվա ամենաառաջադեմ օրենսդրական առաջարկություններով:

Մենք միշտ ասել ենք և կրկին ասում ենք՝ պետք է ճանաչել ցեղասպանությունը, ներողություն խնդրել հայերից, ասորիներից և հույներից, բռնագրավված ունեցվածքի և գույքի դիմաց պետք է փոխհատուցել:

Մենք կրկնում ենք մեր պահանջը` ներողությո՛ւն խնդրիր, ճանաչի՛ր, փոխհատուցի՛ր»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում