Կորոնավիրուս. Եվրոպական որոշ երկրներ սահմանափակումների մեղմացում են նախատեսում

Կորոնավիրուս. Եվրոպական որոշ երկրներ սահմանափակումների մեղմացում են նախատեսում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, Panorama.amԵվրոպայի որոշ երկրներ այս շաբաթ նախատեսում են մեղմել արգելափակման միջոցառումները, իսկ մյուսները, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, շարունակում են մնալ փակման մեջ՝ հանրային սահմանափակումների մեղմացման առանց որևէ պլանի: Այս մասին գրում է Euronews-ը։

Եվրոպայում ամենաշատ տուժած երկրները՝ Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան, որոնցից յուրաքանչյուրում գրանցվել է մոտ 20.000 մարդու մահ՝ COVID-19-ի հետևանքով, գրանցում են հիվանդների և մահերի թվի նվազում։

Այսօրվանից Գերմանիան թույլ կտա վերաբացել փոքր խանութները: Գրանցված ավելի քան 135,000 դեպքով և 4000 մահով՝ Գերմանիայում համաճարակը «վերահսկելի և կառավարելի է», ասել է Առողջապահության նախարար Յենս Սփենը:

Ֆրանսիան նախատեսում է վերաբացել դպրոցները մայիսի 11-ին, բայց պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ցանկացած վերաբացում կլինի աստիճանական:

«Մենք առողջական ճգնաժամից դուրս չենք եկել, բայց իրավիճակը աստիճանաբար բարելավվում է, դանդաղ, բայց հաստատուն», – կիրակի ասել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:

Իսպանիայում երեխաները ապրիլի 27-ից կկարողանան դուրս գալ մաքուր օդի: Երկրում խիստ արգելափակումը սահմանված է մարտի 14-ից:

Նորվեգիայում, որտեղ իշխանությունները կարծում են, որ «վիրուսը վերահսկողության տակ են առել», երկուշաբթի օրվանից կբացվեն ամենափոքրերի համար մանկապարտեզները, իսկ երկրորդ փուլով՝ ապրիլի 27-ից, մասնակի կվերաբացվեն միջնակարգ դպրոցներն ու բուհերը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ վաղաժամ է ցանկացած սահմանափակումներ մեղմելու համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն՝ համաճարակը դեռևս հեռու է գլոբալ մակարդակում վերահսկվելուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում