Թրամփն Իրանին թոքերի արհեստական օդափոխության համակարգեր տրամադրելու պատրաստակամություն է հայտնել

Թրամփն Իրանին թոքերի արհեստական օդափոխության համակարգեր տրամադրելու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ,  Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 18-ին Սպիտակ տանը կայացած կոնֆերանսի ընթացքում հայտարարել է, որ Իրանի ցանկության դեպքում ԱՄՆ-ն կարող է նրանց թոքերի արհեստական օդափոխության սարքեր տրամադրել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես նրանց առաջարկել եմ օգնություն, եթե նրանք ցանկանան: Եթե նրանց սարքավորումներ են պետք, ես կարող եմ դրանք ուղարկել: Մեզ մոտ հազարավոր ազատ սարքավորումներ են առաջանալու և նրանք կարող են դրանցով զինել իրենց հիվանդանոցները և մեծացնել իրենց սարքավորումների քանակը»,– ասել է Թրամփը:

Մարտի կեսերին Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը իր թվիթերյան էջում ներկայացրել էր այն բժշկական իրերը, որոնց կարիքն ունի Իրանը, ամենաշատը երկիրն ունի բժշկական դիմակների և ձեռնոցների կարիք:

Մինչ այդ Զարիֆը դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին` պահանջելով հասնել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը, քանի որ դա երկրի համար կորոնավիրուսի դեմ պայքարելու գլխավոր խոչընդոտն է: Իրանը նաև 5 միլիարդ դոլար օգնություն է խնդրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:

Վերջին տվյալներով Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 80 868 դեպք, որոնցից 5031-ը` մահվան ելքով:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 332 471 է, մահացել է 160 784 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում