ԱՄՆ-ը սպասում է, որ Չինաստանը թույլատրի արտասահմանցի փորձագետների մուտքը Ուհանի լաբորատորիա

ԱՄՆ-ը սպասում է, որ Չինաստանը թույլատրի արտասահմանցի փորձագետների մուտքը Ուհանի լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Panorama.amՎաշինգտոնն ակնկալում է, որ Չինաստանի իշխանությունները կթույլատրեն արտասահմանցի փորձագետների մուտքը Ուհանի լաբորատորիա, որտեղից, ըստ ամերիկյան մի շարք լրատվամիջոցների վարկածի, կարող էր սկսվել կորոնավիրուսի տարածումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը Fox Business-ն հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

«Մենք շարունակում ենք Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը խնդրել, որպեսզի թույլ տա մասնագետների մուտքը այդ վիրուսաբանական լաբորատորիա, որպեսզի կարողանանք պարզել, թե որտեղից է սկսվել տարածումը», – ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ըստ նրա, այդտեղ քաղաքականության հարց չէ, այլ՝ գիտության և համաճարակաբանության:

«Միանգամայն ընդունելի է, որ աշխարհն արդարացիորեն հարցեր է բարձրացնում»,- հայտարարել է Պոմպեոն՝ մեկնաբանելով ԱՄՆ ԶԼՄ-ների լուրերը, որոնք առանց որևէ ապացույցի հրապարակել են լաբորատորիայի հետ կապված մեղադրանքները:

«Չինական Կոմունիստական կուսակցությունը պետք է անկեղծորեն ասի իրողությունը, որպեսզի ամբողջ աշխարհը իմանա: Երբ նրանք անեն դա, կգա պատասխանատվության ենթարկելու ժամանակը, մենք կարող ենք ասել, թե ով ինչ է արել»,- ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը:

Լրագրող Հյու Հյուիթի հետ հարցազրույցում, որի տպագիր տարբերակը հրապարակվել է ուրբաթ օրը, Պոմպեոն նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան երկրների մասնագետներին թույլ չեն տվել մուտք գործել այս լաբորատորիա:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է պնդի, որպեսզի փորձագետներին թույլ տան մտնել կենտրոն:

Հինգշաբթի օրը Չինաստանի արտգործնախարարության խոսնակ ՉԺաո Լիցզյանգը հայտարարել է, որ կորոնավիրուսի արհեստական ստեղծման վարկածը չի հիմնավորվում որևէ ապացույցով: Այսպես է նա մեկնաբանել Fox News հեռուստաալիքի հրապարակումը, ըստ որի, կորոնավիրուսով «զրոյական հիվանդը», ենթադրաբար, եղել է Ուհանի լաբորատորիայի աշխատակիցը:

Չորեքշաբթի օրը նման հայտարարություն էր արել Fox News-ի լրագրողը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները:

Հրապարակման մեջ նշվում է, որ վիրուսը ենթադրաբար փոխանցվել է լաբորատորիայի աշխատակիցներից մեկին չղջիկից: Վարկածի համաձայն, այդ աշխատակիցը հետագայում վարակել է Ուհան քաղաքի բնակիչներին:

CNN-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, ասել է, որ ԱՄՆ հետախուզությունը այլ վարկածների հետ մեկտեղ ստուգում է Ուհան քաղաքի լաբորատորիայից կորոնավիրուսի տարածման տարբերակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում