2 ամսում 5 մարզի 11 համայնքների համար ձեռք կբերվի 18 միավոր գյուղտեխնիկա

2 ամսում 5 մարզի 11 համայնքների համար ձեռք կբերվի 18 միավոր գյուղտեխնիկա

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, Tert.amՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում ձեռքբերված 82 ձ/ուժ հզորությամբ 4 անիվավոր տրակտոր տրամադրվել է Գեղարքունիքի Այրք (3 տրակտոր) և Արագածոտնի Ամանոս (1 տրակտոր) համայնքների արոտօգտագործողների կոոպերատիվներին: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Տրակտորների հանձնման միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ:

«Արագ արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ փորձեցինք հնարավորինս շուտ գյուղատնտեսական տեխնիկան հասանելի դարձնել համայնքներին, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները կարողանանք խրախուսել: Այսօր արդեն 4 տրակտոր տրամադրվեց 2 համայնքի արոտօգտագործողների կոոպերատիվներին: Եվս երկուսը (120 ձ/ուժ հզորությամբ) նախատեսվում է հաջորդ շաբաթ տրամադրել ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերին: Ընդհանուր առմամբ` ծրագրին մասնակցում է ավելի քան 100 համայնք», – ասել է նախարարի տեղակալը։

ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ներկայացնելով ծրագիրը՝ ընդգծել է, որ այն համահունչ է Կառավարության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նպատակներին` խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը, ապահովել սննդի անվտանգությունը և ավելացնել գյուղական եկամուտները: Ծրագրի երեք բաղադրիչներով նախատեսվում է բարելավել նպատակային համայնքներում արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը, օժանդակել ընտրված արժեշղթաների զարգացմանը` կատարելով նպատակային ներդրումներ արտադրողների և վերամշակողների միջև կապերի ամրապնդման, սննդի անվտանգության խթանման, մշակման և շուկայահանմանն օժանդակելու համար, օժանդակել պետական հատվածում մասնագիտացված կառույցների զարգացմանը, որոնք կարևոր դեր են խաղում այդ ապրանքատեսակների արտադրական ծավալների աճի համար:

«Գյուղտեխնիկայի տրամադրումն իրականացվում է առաջին բաղադրիչի շրջանակում։ 2020թ. նախատեսվում է 39 արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվի համար ձեռք բերել շուրջ 190 միավոր գյուղտեխնիկա, որից 25-ը՝ տրակտոր։ Գործընթացն իրականացվում է համաֆիանսավորմամբ. կոոպերատիվները ներկայացնում են, թե ինչ տեխնիկա է պետք իրենց և ներդնում գումարի 20%-ը, մնացած 80%-ը ներդնում է կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ», – ավելացրել է նա:

Գեղարքունիքի մարզի Այրք համայնքի ներկայացուցիչը համայնքի հողօգտագործողների անունից շնորհակալություն հայտնելով տրամադրված տրակտորների համար` նշել է.

«Սա շատ կարևոր և մեծ օգնություն է Այրք համայնքի համար` հատկապես նկատի ունենալով գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանը: Հիմա հնարավորություն կունենանք 1 օրում վարելու 6 հա հողատարածք, քանի որ յուրաքանչյուր մեկ տեխնիկա մեկ օրում վարում է 2 հա տարածություն»։

Ծրագրով ընդհանուր առմամբ նախատեսվում է 2 ամսվա ընթացքում 5 մարզի 11 համայնքների համար ձեռք բերել 18 միավոր գյուղտեխնիկա, որից 9 միավոր՝ տրակտոր։ Գյուղատնտեսական տեխնիկան մատակարարված և հասանելի կլինի մինչև աշնանային աշխատանքների սկիզբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում