ՀՀ քաղաքացիների Արցախ մուտք գործելու մասով կան սահմանափակումներ

ՀՀ քաղաքացիների Արցախ մուտք գործելու մասով կան սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Times.am: ԱՀ պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն առցանց ասուլիսի ընթացքում ներկայացրեց Արցախում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

Նրա խոսքով, բոլոր օջախային համայնքներում կատարվում են ախտահանման աշխատանքներ։

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ, ԱՀ պարետն ասաց, որ ընդհանուր առմամբ, Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 դեպք, որից 2-ը առողջացել են, թեստավորվել է 75 մարդ:

Ինչ վերաբերում է մեկուսացվածներին, Գրիգորի Մարտիրոսյանը հայտնեց, որ նրանցից 12-ը կապված են Քաշաթաղի օջախի հետ, երկուսը՝ Քարվաճառի, իսկ մյուս 2-ը կապված չեն նախորդող օջախների հետ, ապահովության համար է նրանց թեստավորումը կատարվել:

Անդրադառնալով Արցախի հանրապետությունում գործող սահմանափակումներին, պարետը նշեց, որ և համայնքներում, և համայնքներից դուրս քաղաքացիների տեղաշարժը սահմանափակված է, կան որոշ բացառություններ:

«Տնտեսական գործունեության ոլորտն է բացառություն, այսինքն, եթե աշխատանքով է պայմանավորված և ներկայացնում է գործատուի կողմից լրացված տեղեկանքը: Նույնը վերաբերում է հանրային իշխանությունների մարմիններում աշխատողներին: Հաջորդը գյուղատնտեսության ոլորտում աշխատողներն են: Համայնքի ներսում գոյություն ունի երկու բացառություն՝ խանութ գնալը և առավոտյան մարզանքը»,- ասաց Գ. Մարտիրոսյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է իրականացվում վերահսկողությունը ապրանքների տեղափոխման մասով Միրիկ համայնքում,որտեղ հայտնաբերվեց առաջին օջախը, պետնախարարը պատասխանեց.

«Միրիկում տարածքային կառավարման մարմինների կողմից ապահովված է ապրանքների տեղափոխումը: Բացի այդ, համայնքի բոլոր բնակիչներին մեկ ամսվա պարենի պաշարով միանվագ օգնություն է տրամադրվել: Աջակցություն ցուցաբերվել է Քաշաթաղի շրջանի այլ համայնքներին ևս: Քանի որ միանգամից ունեցանք երեք օջախ, այժմ աշխատանքներ են տարվում նաև մյուս համայնքներում նույնպես նյութական աջակցության տրամադրելու մասով»:

Նշվեց նաև, Արցախի Հանրապետությունում բնակիչների տեղաշարժի համար սահմանված է երկրորդ ձևաթուղթը վերաբերում է հատկապես գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալողներին:

Ինչ վերաբերում է Հայաստանից Արցախ մեկնողների վերահսկողությանը, Գ.Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ գործում է հետևյալ մեխանիզմը. «Օրվա ընթացքում հեռախոսազանգերի միջոցով Առողջապահության նախարարության և ոստիկանության աշխատակիցները օրվա ընթացքում զանգում, տեղեկանում են անձի ինքնամեկուսացման մեջ գտնվելու մասին: Բնական է, որ անձը հնարավոր է դիմի այլ միջոցների և չպահպանի կանոները, բայց եթե այդ փաստը հաստատվում է, ապա անձը ենթարկվում է պատասխանատվության»:

Նախարարը խոսեց նաև բանակում տարվող աշխատանքների մասին: Նրա պնդմամբ՝ պաշտպանության բանակն իրականացնում է բոլոր հնարավոր միջոցառումները:

«Մշտապես կապի մեջ ենք ՊՆ-ի հետ, այնտեղ խստացված ռեժիմ է:Պարբերաբար իրականացվում են և ախտահանման, և բուժզննման աշխատանքներ: Պաշտպանության բանակի աշխատակազմն այդ աշխատանքներն իրականացնում է արդյունավետ»,- ասաց պարետը:

Պարետի խոսքով՝ գործող սահմանափակումները հնարավոր է փոփոխվեն, կլինեն ավելի ավելի խստացումներ կամ մասամբ մեղմացում՝ իրավիճակի զարգացումներով պայմանավորված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում