Հնդիկ գիտնականները չղջիկների մոտ կորոնավիրուսի մեկ այլ տեսակ են հայտնաբերել. India Today

Հնդիկ գիտնականները չղջիկների մոտ կորոնավիրուսի մեկ այլ տեսակ են հայտնաբերել. India Today

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Tert.sm: Բժշկական հետազոտությունների հարցերով հնդկական խորհրդի (ICMR) գիտնականները երկրում ապրող չղջիկների մոտ նոր տիպի կորոնավիրուս են հայտնաբերել, որի վտանգավորության աստիճանը դեռևս ուսումնասիրված չէ: Այս մասին գրում է India Today պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ խոսքը, այսպես կոչված, «չղջիկների կորոնավիրուսի» (BtCoV) մասին է, որը հայտնաբերել են հյուսիսային Խիմաչալ-Պրադեշ, զբոսաշրջիկների շրջանում հայտնի Քերալա և Թամիլնադ նահանգներում, ինչպես նաև Պոնդիչերի դաշնային տարածքում: Ուսումնասիրման համար գիտնականները վերցրել էին 2 տեսակի 25 չղջիկ:

Հնդկաստանի վարակաբանական ազգային ինստիտուտի աշխատակից, բժիշկ Պրյագյա Յադավը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի վտանգավորության աստիճանը մարդկանց համար դեռևս ուսումնասիրության կարիք ունի: Դեռևս ապացույցներ այն մասին, որ այս կորոնավիրուսը կարող է հիվանդություններ առաջացնել մարդկանց մոտ, չկան:

«Կարելի է վստահությամբ պնդել, որ չղջիկների այս կորոնավիրուսը ոչ մի կապ չունի SARS-CoV2 վիրուսի հետ, որից առաջացել է ներկայիս համավարակը»,-ասել է բժիշկը:

Նա ավելացրել է նաև, որ 2018 և 2019 թվականներին չղջիկների այդ նույն տեսակների մոտ հայտնաբերվել է Նիպահ վիրուսը, որից մահանում է վարակված մարդկանց 70%-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում