Պետությունն իրավունք չունի ծրագրեր իրականացնել «գալոչկա» դնելու համար․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

Պետությունն իրավունք չունի ծրագրեր իրականացնել «գալոչկա» դնելու համար․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Tert.amԱյն, որ պետության սուղ միջոցներից այսքան գումար է հատկացվում, արդեն իսկ դրական է: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասաց Գասպարյանը՝ անդրադառնալով կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառմանն առ այն, որ փոխհատուցվելու է մինչև 10000 դրամի գազ և մինչև 5000 դրամի էլեկտրաէներգիա սպառած քաղաքացիների կոմունալ ծախսերի հիսուն տոկոսը։

«Աջակցությունը միանվագ է և հակաճգնաժամային 11-րդ միջոցառումը, որը կառավարությունն ընդունեց՝ հանրային բողոքի ալիքի ներքո: Խորհրդարանում իշխող կուսակցությունը համարում է, որ սա կոնկրետ հասցեական ծրագիր է: Այնինչ ընդդիմադիր թևում հակառակն են պնդում»,– ասաց Գասպարյանը և հավելեց, որ տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այս ծրագիրը համարում է ավելորդ ու ոչ այնքան արդյունավետ:

«Որ պետության սուղ միջոցներից այսքան գումար է հատկացվում, արդեն իսկ դրական է: Հիմա փորձենք մաթեմատիկայով հասկանալ որքա՞ն է արդյունավետ ու հասցեական այս ծրագիրը: Մարդիկ, նվազագույնը, մինչև մարտի վերջ ջեռուցում են իրենց բնակարանը: Շրջաններում, հասկանալի պատճառով, տան կամ բնակարանի ջերմությունն ապահովվում է հիմնականում վառելափայտով»,– մանրամասնել է Գասպարյանը՝ նշելով, որ դիտարկում է բնակարանի միջին չափ՝ 50 քմ․ «Բնակարանի այս տարածքը ձմռանը ջեռուցելու համար ամսական նվազագույնն անհրաժեշտ է 25-30 հազար դրամ: Մարդը՝ լինի վճարունակ, թե ոչ՝ մեկ է, այդքան գումարի հոսանք կամ գազ հաստատ սպառում է: Միայնակ մնացողների հաշվապահությունը փոխվում է, հնարավոր է՝ մինչև 20 հազար կազմի գումարը»,- նշել է նա։

Գասպարյանը հարց է բարձրացրել․ մինչև 10 հազար դրամի գազ սպառող սեգմենտը հանրության քանի՞ տոկոսն է կազմում․ «Եթե վարչապետը խոսում է մինչև 600 հազար սպառողի մասին, ուրեմն մեր երկրում այդքան ծայրահեղ ծանր վիճակում աղքա՞տ կա: Կամ ինչպե՞ս է Կառավարությունն արել այս հաշվապահությունը»:

Նրա դիտարկմամբ՝ աջակցության իրական կարիք ունեցող ընտանիքների ու մարդկանց թիվը պետությունը չգիտի․ «Որտեղից իմանա, եթե վարչապետը կտրուկ հերքում է, դիցուք, օրավարձու աշխատողների գոյությունը մեր երկրում»։

Գասպարյանը նշել է, որ եթե կառավարության աջակցության ծրագրերը հասցեական չլինեն, ապա մարդկանց մի խումբ դուրս է մնալու ծրագրերից․ «Մենք չգիտե՞նք, որ մեր քաղաքացիների ստվար հատվածն օր աշխատող-օր ապրող է: Պետության տնտեսական բլոկի մասնագետները պետք է որ հաշվարկեին այս ամբողջը: Պետությունն իրավունք չունի ծրագրեր իրականացնել «գալոչկա» դնելու համար»,- իր խոսքում նշել է Աբրահամ Գասպարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում