Արցախում կայացած ընտրություններին միջազգային բացասական արձագանքների քանակը մտահոգիչ է. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Արցախում կայացած ընտրություններին միջազգային բացասական արձագանքների քանակը մտահոգիչ է. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Tert.am: ՀՀ ԱԳՆ-ն չի իրականացրել կամ պատշաճ չի իրականացրել այն կանխարգելիչ գործողությունները, որոնք պետք է թույլ չտային Արցախի համապետական ընտրություններին միջազգային բացասական արձագանքների քանակական և աշխարհագրական մեծացում: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Արձագանքեցին մի շարք երկրներ, որոնք գործընթացին մինչ այս մասնակցություն չէին ցուցաբերում, և Ադրբեջանի բոլոր ջանքերն արդյունք չէին տալիս, որպեսզի նրանք ընտրությունները չճանաչելու մասին հայտարարություն անեին», – ասել է Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ միջազգային կառույցների արձագանքները, նյուանսների մեջ չմտնելու դեպքում, կարելի է համադրելի համարել՝ չնայած դրանցում կան էլեմենտներ, որոնք մտահոգությունների տեղիք են տալիս: Վերլուծաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ, օրինակ, բավականին մեծ թվով անդամներ ունեցող Չմիավորման շարժման կազմակերպությունը Ղարաբաղյան կարգավորման համատեքստում ունեցել է հակահայկական բանաձևերը, սակայն նախկինում ընտրություններին չի արձագանքել:

«Սա իհարկե մտահոգություններին տեղիք է տալիս: Եթե կանխատեսելի խնդրի ներքո մենք չենք կարողանում պատշաճ դիմագրավել, ոչ կանխատեսելի դաշտում ինչպե՞ս ենք դիմագրավելու»,- նշում է վերլուծաբանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն Արցախում ընտրությունների նախաշեմին միշտ քարոզչական արշավ է սկսել իր քաղաքականությանը ծառայող գնահատականներ բերելու համար, և պարզ էր, որ նույնը պետք է աներ նաև այս ընտրությունների դեպ կապված:

Անդրադառանալով Արցախում կայացած ընտրությունների արդյունքներին և նախագահական ընտրությունների երկրորդ փուլին՝ Կարեն Բեքարյանը նշել է, որ Արցախի իշխանությունները բավականին բարդ խնդիր ունեն իրենց առջև լուծելու պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:

«Առաջին փուլում նրանք այդ խնդիրները փորձեցին լուծել՝ կազմակերպելով ընտրութուններն, այնպես որ հնարավոր ռիսկերը նվազեցվեն, սակայն առաջին փուլի նախաշեմին և առաջին փուլի օրը ուղղակիորեն Արցախում չկար վարակակիր, հիմա արդեն կա արձանագրված դեպք», – նշել է Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ապրող Արցախի, նրա իշխանությունների համար վտանգները միայն առողջապահական չեն՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ չկա որևէ վստահություն Ադրբեջանի նկատմամբ, որ ականջալուր կլիներ տարաբնույթ կոչերին՝ այդ թվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ձեռնպահ մնալու սահմանային լարվածության սրումից, երբ ողջ աշխարհը պայքարում է համաճարակի դեմ:

«Ադրբեջանը վերջին շրջանում փորձով ցույց տվեց, որ նա օգտագործում է ոչ միայն հռետորաբանությունը, ուժի կիրառման սպառնալիքը, այլ նաև ուղղակիորեն դիմում սադրանքների Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով», – նշել է Կարեն Բեքարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում