«Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել». Սոբյանին

«Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել». Սոբյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի թեմայով հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը՝ ընդգծելով, որ Մոսկվան ստեղծված իրավիճակում լուրջ փորձությունների միջով պիտի անցնի: Սոբյանինի խոսքով՝ դրան պետք է նախապատրաստվել:

Նա ընդգծել է, որ Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել:

«Ձեզ հստակ ասում եմ, պիկը դեռևս չի սկսվել, մենք ավելի շուտ գտնվում ենք դրա ստորոտում, նույնիսկ կես ճանապարհն էլ չենք անցել»,- ասել է քաղաքապետը:

Միևնույն ժամանակ Սոբյանինն ասել է, որ կանխատեսումներ անել չի ցանկանում:

«Լավագույն կանխատեսումն ամեն ինչ 100 տոկոսով անելն է»,- շեշտել է քաղաքապետը:

Սոբյանինը հավելել է, որ խոսքն առավելագույն քանակով թեստավորման, բժշկական ոլորտի առավելագույն նախապատրաստման, ինչպես նաև կարանտինային ռեժիմի և ինքնմեկուսացման պայմանների պահպանման առավելագույն վերահսկման մասին է:

Ներկայում Մոսկվայում ախտորոշվել է վարակման 6698 դեպք, որից 38-ը՝ մահվան ելքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում