Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում

Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Regionmonitor.comՕրեր առաջ վրացական «Մթավարի» հեռուստաընկերության «Post Factum» հաղորդման հաղորդավար Գիորգի Գաբունիան եթերում հայատյաց հայտարարություն է արել, ինչը Վրաստանում տարբեր կազմակերպությունների կողմից սուր քննադատության է արժանացել։

Բանն այն է, որ վերոնշյալ հաղորդման շրջանակներում ցուցադրվել է «Գեներն ընդդեմ կորոնավիրուսի» խորագրով ռեպորտաժ, որում խոսվել է գենետիկական կոդերի կարևորության և էթնիկ պատկանելիության առավելությունների մասին: Տեսանյութում վրաց գիտնականներն իրենց տեսակետներն են հայտնել, թե հնարավոր է հարցը գենետիկական կոդին է առնչվում, և հենց վրացական գեն կրող մարդիկ են կարողանում ավելի հեշտ հաղթահարել վիրուսը:

Ռեպորտաժի ցուցադրումից հետո Գաբունիան, խոսելով հայերի մասին, հեգնանքով ասել է. «Այն, թե ինչ են մտածում արտասահմանցի գիտնականները մենք գիտենք, նրանց վրացի գործընկերների կարծիքին էլ ծանոթացանք։ Իսկ այժմ ես սպասում եմ հայ գիտնականների եզրակացությանը: Ինձ շատ է հետաքրքրում, թե որ գենետիկական խմբին կպատկանեն մեր հարևանները: Վստահ եմ՝ կպարզվի, որ նրանց ԴՆԹ-ն վրացիներից ավելի ուժեղ է և միանգամից վերացնում է կորոնավիրուսը, նույնիսկ պատվաստման և դեղամիջոցների կարիք չունեն»։

Վրացի հաղոորդավարի այս հայտարարությունները արժանացել են Վրաստանում մի շարք կազմակերպությունների քննադատությանը։ Մասնավորապես վրացական «Ո՛չ ատելությանը» քաղաքացիական պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ նշելով. «Այս մեկնաբանությունը հայատյաց է և նպաստում է կարծրատիպերի առաջացմանը էթնիկ հողի վրա: Ծրագրի հաղորդավարի այսպիսի հայտարարությամբ հեռուստաալիքը խախտել է Հեռարձակման օրենքի 31-րդ հոդվածը։ Հեռարձակողը պետք է զերծ մնա այնպիսի նյութերի հրապարակումներից, որոնք հրահրում են ատելությունից կամ անհանդուրժողականություն`ռասայի, լեզվի, սեռի, կրոնի, քաղաքական պատկանելիության, էթնիկական, աշխարհագրական կամ սոցիալական ծագման հողի վրա»:

«Ո՛չ ատելությանը» քաղաքացիական պլատֆորմի այս հայտարարության տակ ստորագրել են այնպիսի կազմապերպություններ, ինչպիսիք են «Մեդիայի զարգացման ինստիտուտ»-ը (MDF) «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն»-ը (ISFED), «Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը» (TDI), «Սաֆերի» ՀԿ-ն, «Մարդու իրավունքների կենտրոն»-ը (HRC), «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա»-ն (GRASS), «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GILA), «Transparency International Georgia»-ն (TI)։

Թեմայի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև վրացական «Լրագրողական էթիկայի խարտիան»։ Վերջինիս գնահատմամբ, հեռուստաընկերության կողմից տարածված նյութը ռասիզմ է պարունակում, այլատյացություն քարոզում՝ խրախուսելով էթնիկ պատկանելությամբ խտրականությունը»:

Կազմակերպությունը նշում է, որ բազմիցս է դիմել լրագրողներին՝ հորդորելով հատուկ զգուշությամբլուսաբանել Covid-19-ի հետ կապված նյութերը՝ հրապարակելով միայն ճշգրիտ տեղեկատվություն:

«Անհասկանալի է, թե ինչ նպատակ ունի «Post Factum»-ում միայն կարծիքների վրա հիմնված տեսություններ տարածելը, որոնք վրացական գենի առավելության հետ են կապված: Սա կարող է վնաս հասցնել քաղաքացիներին և այլատյացություն տարածել»,– նշված է հայտարարությունում:

Լրագրողական ՀԿ-ն գտնում է, որ լրատվամիջոցներն ունեն սոցիալական պատասխանատվություն՝ չքարոզել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն։

Նաև ընդգծվում է, որ կորոնավիրուսի տարածման շրջանում սա առաջին դեպքը չէ, երբ վրացական մամուլում նյութեր են հայտնվել ուղղված այլ էթնիկ խմբերի դեմ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում