Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Tert.amՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ է ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության [քաղաքացիական] դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության, տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։

Պաշտպանական կողմը պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Հայցադիմումները ներկայացվել են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն, միաժամանակ ներառված է նոր տեսակի կորոնովիրսի հետ կապված մի քանի ռիսկային խմբերում է, սակայն գտնվում է քրեակատարողական հիմնարկում:

Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանին «Էրեբունի» ԲԿ-ից ՔԿՀ տեղափոխելուց առաջ փաստաբան Արամ Օրբելյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով չտեղափոխել Ռ․ Քոչարյանին նույն հիմնավորմամբ։ Միևնույն ժամանակ ներկայացվել էր տվյալ հայցի նախնական ապահովման միջնորդությունը։

«Միջազգային կազմակերպություններն արդեն հանդես են եկել համապատասխան կոչերով և գնահատականներով և խորհուրդ են տվել փոխել ռիսկային խմբում գտնվող ազատազրկված անձանց խափանման միջոցը։ Համաճարակի տարածման պայմաններում ՔԿՀ-ների խնդիրն է անել հնարավորը, որ այդ անձանց առողջությունը չվտանգվի»,- ասվում է փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում