Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ

Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին Tert.am- ի հետ զրույցում ասաց Հակոբ Ճաղարյանի տիկինը։

«Հրավիրվել է ԱԱԾ, դեռ չի ներկայացել։ Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվել է ավիացիոն հարցերի անվտանգության շուրջ զրուցելու»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանի ազատման որոշման հրապարակումից հետո երեկ վերջինս ֆեյսբուքյան գրառում էր արել, որում նշել էր, որ պաշտոնից ազատվելու պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, ապապետական մոտեցումներն են:

«Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել`«սեփական դիմումի համաձայն»:

Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:

Նախորդ շաբաթ օրը` ապրիլի 4-ին, ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ`

– հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման,
– հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները,
– և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները

Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը»,- գրել էր նա:

Հակոբ Ճաղարյանը նաև շեշտել էր, որ պաշտոնից հրաժարվելու որոշումն իրենն է: «Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:

Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»,- գրել էր նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում