Ավագ չորեքշաբթի

Ավագ չորեքշաբթի

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Qahana.am: Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. 17), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք 12:14), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք 25-27), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու 1-19):

Qahana.am-ում կարդում ենք, որ այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով՝ կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11-13): Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:

Ծաղկազարդի կիրակիով սկսվում է ավագ շաբաթը։ Այն Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Ավագ շաբաթվա ընթացքում Քրիստոս հաստատել է Եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկը՝ Ս. Հաղորդության խորհուրդը՝ որպես Տիրոջ հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն:
Այս շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ խորհրդանշում է չորս մեծ ժամանակաշրջաններ. նախ՝ աշխարհի արարման շաբաթը, ապա՝ այս կյանքի յոթ փուլերը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթը և վերջապես՝ աշխարհի վախճանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում