Հայաստանը դեռևս չի հասել կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության պիկին

Հայաստանը դեռևս չի հասել կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության պիկին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Tert.amԱՄՆ-ում առաջիկա մի քանի շաբաթներին լինելու է մահացության ամենաբարձր ցուցանիշը, թեև նահանգից նահանգ տվյալները տարբերվում են. մահացության ցուցանիշները խիստ տարբեր են նաև եվրոպական երկրներում, օրինակ՝ Իտալիայում և Իսպանիայում այն խիստ բարձր է, Գերմանիայում՝ բավական ցածր: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, մաթեմատիկոս Արեգ Դանագուլյանը:

«Շատ կարևոր է, թե որքա՞ն վաղ է երկիրն սկսում իր գործողությունները համաճարակի տարածումը կանխելու համար: Օրինակ, Իտալիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան այդ հարցում ուշացան, իսկ Գերմանիան հենց սկզբնապես մեկուսացրեց և՛ վարակակիրներին, և՛ նրանց կոնտակտավորներին: Դա դանդաղեցնում է համավարակի տարածումը, բացի այդ՝ մեկուսացվում են նաև ախտանիշներ չունեցող վարակակիրները»,- ասել է պրոֆեսորը:

Ըստ գիտնականի՝ և՛ Հայաստանը, և՛ ԱՄՆ-ն սկզբնական փուլում շատ անլուրջ վերաբերվեցին վարակին, մարդկանցից շատերն էլ մտածեցին, թե մի հերթական համաճարակն է, ինչպես, օրինակ, տարիներ առաջ Էբոլան էր. «Մի քանի օրվա ցուցանիշներով դժվար է հետևություններ անել, միտումը դուրս բերել: Հայաստանը շատ ուշ է սկսել պատասխանել վիրուսին: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես է արվում թեստավորումը, թեստերի թիվը խիստ սահմանափակ է: Օրինակ, ԱՄՆ-ում դեպքերի կտրուկ ավելացումը կապված է թեստերի մեծ քանակի հետ»:

Դանագուլյանի կարծիքով՝ հիվանդացության իրական թվերը կախված են նրանից, թե ինչ չափանիշներով են ընտրվում թեստավորվողները, իսկ նրանք այսօր ընտրվում են միայն ըստ ակնհայտ ախտանշանների. «Վարակակիրների քանակը շատ ավելի մեծ է, քան հաստատվածներինը: Օրինակ, կա պնդում, որ Չինաստանում վարակակիրների 86 տոկոսը չի հաշվառվել ընդհանուր թվի մեջ: Մենք տեսնում ենք համաճարակի փոքր մասը միայն, դրա ծավալը շատ ավելի մեծ է»:

Արեգ Դանագուլյանի պնդմամբ՝ այսօր հիմնական խնդիրը վերակենդանացման բաժանմունքների մահճակալների, թոքերի արհեստական օդափոխության սարքերի թվի կտրուկ մեծացումն է, պետք են նաև արագ վերամասնագիտացվող բուժաշխատողներ. «Մի կողմից՝ եթե ոչ մի քայլ չձեռնարկենք, շատերը կմահանան, հատկապես տարեցները, իսկ եթե չափից ավելի երկար կարանտին պահենք, տնտեսությունը կկործանվի, ինչը կբերի մահացության մակարդակի բարձրացման: Կարանտինն կարճաժամկետ մարտավարություն է, բայց մեզ պետք է երկարաժամկետ ռազմավարություն: Հիմա առաջնահերթորեն պետք է «փրկել» հիվանդանոցները, բժիշկները մեր առաջին գծի զինվորներն են»:

Պրոֆեսորի կարծիքով՝ ներկա միտումներով պետք է վարակվի բնակչության 60 տոկոսը, որ համաճարակը կանգ առնի: «Այս հիվանդության էֆեկտներն ուշացումով են գալիս, ու ցավալի է, որ այդ պատճառով մարդիկ դրան անլուրջ են վերաբերվում: Այս ծավալն ու արագությունն անսպասելի էին ամբողջ աշխարհի համար, մարդիկ անպատրաստ էին դրան: Անգամ համաճարակաբաններից քչերն էին նման կանխատեսում անում: Հայաստանը դեռևս չի հասել կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության պիկին, ամեն ինչ կերևա առաջիկա մեկ ամսվա ընթացքում»,- ամփոփել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում