Ազատ է արձակվել Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվողը

Ազատ է արձակվել Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվողը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ,  Tert.am: Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երևանշին» ընկերության խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանն Առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գագիկ Խաչիկյանը:

«Խափանման միջոցը փոխվել է 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Դատական նիստը տեղի է ունեցել ապրիլի մեկին»,-ասաց նա:

Նախագահող դատավորը եղել է Վահե Միսակյանը:

Հիշեցնենք, որ Վազգեն Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Ապրիլի 6-ին Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է։

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Քաղաքաշինության կոմիտեն մոտ մեկ տարի ղեկավարած Վերմիշյանն իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ընկերություն և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին գործարքներ կատարել հենց այդ ընկերության հետ։ Իրավապահների փոխանցմամբ՝ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը։ Դրա դիմաց անձամբ կամ էլ մտերիմի միջոցով Վերմիշյանը 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով գումար կամ էլ այդ արժեքի ապրանք է կաշառք ստացել։

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը անցած տարի հոկտեմբերին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջ «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ որպես կաշառք ստանալով 5000 դոլար գումար և շուրջ 2 միլիոն 300 հազար դրամի շինանյութ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում