«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում իրավիճակը լիցքաթափվել է

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում իրավիճակը լիցքաթափվել է

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իրավիճակը լիցքաթափվել է: 2 օր առաջ գրել էինք, որ հիվանդանոցը կորոնավիրուսով հիվանդներին տրամադրելու պարետի որոշումից հետո դժգոհություններ են ծագել բուժանձնակազմում: Նրանց մի մասին կես հաստիք են դարձնում կամ առաջարկում են արձակուրդ գնալ, պլանային բոլոր վիրահատությունները հետաձգվել են, բուժանձնակազմը չգիտի, թե իրեն ինչ է սպասվում։

Ավելին՝ այս թեմայով հրավիրված ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել: Պատճառն այն է, ըստ տնօրեն Հովակիմյանի, որ որոշ բժիշկներ չեն համաձայնում արտակարգ ռեժիմում աշխատել՝ ինքնամեկուսացում, տուն չգնալ, գիշերել հյուրանոցում և այլն։

Երեկ տեղեկացանք, որ կրքերը կարծես հանդարտվել են. որոշ բուժաշխատողներ, ովքեր համաձայն չեն եղել վտանգավոր պայմաններում աշխատել և արձակուրդի դիմում էին գրել, եկել, հետ են վերցրել դիմումները․ մոտ 40-45 հոգի։

Արձակուրդ գնացել է 30-35 հոգի, ովքեր տանն իրենց խնամքին ծնողներ կամ զավակներ ունեն և չեն կարող օրեր շարունակ բացակայել: ԲԿ-ն արձակուրդ է ուղարկել նաև 60+ աշխատակիցներին և քրոնիկ հիվանդություն ունեցողներին։

ԲԿ-ում երեկվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդ 46 մարդ կար: «Բոլորը շնչում են ինքնուրույն, չկա մարդ, որ արհեստական շնչառությամբ լինի կամ անգիտակից, կամ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասաց խոսնակը:

Բուժսպասարկումն իրականացվում է հիվանդանոցի ուժերով։ «Մեր նախաձեռնությամբ միայն Նորքից մեկ ինֆեկցիոնիստ ենք հրավիրել, ով եկել, խորհրդատվություն է տվել այսօր օրվա առաջին կեսին ու գնացել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում