Zoom-ի հիմնադրի կարողությունը 2 ամսում ավելացել է 77%-ով. South China Morning Post

Zoom-ի հիմնադրի կարողությունը 2 ամսում ավելացել է 77%-ով. South China Morning Post

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին աշխարհի միլիարդատերերը զգալի ֆինանսական կորուստներ են կրել, սակայն ասվածը չի վերաբերում Zoom տեսաձայնային հավելվածի ստեղծողին՝ Էրիկ Յուանին, որի ունեցվածքը երկու ամսում աներևակայելի աճ է գրանցել:

Ինչպես նշում է South China Morning Post-ը, Zoom-ի գործադիր տնօրենի կարողությունն ավելացել է 77%-ով՝ 3,5 մլրդ դոլարից հասնելով 8 մլրդ-ի:

Պատճառը համավարակի ընթացքում Zoom հավելվածի ահռելի պահանջարկն է: Հայտնի է, որ այս օրերին կարանտինում գտնվող միլիոնավոր մարդիկ հենց այս ծրագրի միջոցով են տնից աշխատում, մասնակցում հեռավար դասընթացների և պարզապես շփվում:

Ըստ Hurun Report-ի տվայլների՝ աշխարհի 100 միլիարդատերերը երկու ամսում ընդհանուր 408 մլրդ դոլար են կորցրել, ընդ որում՝ առաջատար տասնյակը կորցրել է 125 մլրդ դոլար: Նրանց շարքում ամենաանհաջողակը ֆրանսիացի Բեռնար Առնոն է, որի կարողությւոնը նվազել է 30 մլրդ դոլարով:

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսը, հիշյալ ժամանակահատվածում կորցրել է 9 մլրդ դոլար և այժմ ունի 131 մլրդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում