Ավագ երկուշաբթի

Ավագ երկուշաբթի

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Qahana.amԾաղկազարդի կիրակիով սկսվում է ավագ շաբաթը։ Այն Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Ավագ շաբաթվա ընթացքում Քրիստոս հաստատել է Եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկը՝ Ս. Հաղորդության խորհուրդը՝ որպես Տիրոջ հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն:

Այս շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ խորհրդանշում է չորս մեծ ժամանակաշրջաններ. նախ՝ աշխարհի արարման շաբաթը, ապա՝ այս կյանքի յոթ փուլերը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթը և վերջապես՝ աշխարհի վախճանը:

Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդ. 5:21-24):

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին՝ վկայելով՝ «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22): Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն՝ ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով թզենին չորացավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում