Մեկ շաբաթ է՝ կարանտինում ենք, 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. մեկուսացված քաղաքացին դժգոհել է

Մեկ շաբաթ է՝ կարանտինում ենք, 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. մեկուսացված քաղաքացին դժգոհել է

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, 168.am: Ցերեկը՝ հաստ ներբերշիկ, երեկոյան՝ բարակ նրբերշիկ, իսկ առավոտյան՝ անհայտ ծագման ու վատ հոտով ձվածեղ:Ֆեյսբուքյան գրառմամբ նման կարծիք է հայտնել կարանտինի մեջ գտնվող: Հայտնում է 168.am-ը՝ ներկայացնելով գրառումը:

«Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց դե չեղավ, անհասկանալի հյուրանոցում կարանտինում ենք, լավ դա հեչ, բայց ոչ մեկը տեղյակ չէ, թե ինչո՞ւ եք մենք այստեղ 14 օրից ավելի մնում: Լավ, սա էլ հեչ, մարդ չկա, որ զբաղվի, ուր զանգում ես՝ հստակ, գրագետ պատասխան տվող չկա, շունը տիրոջը չի ճանաչում: Հույս ունեինք, որ հայրենիք վերադառնալով՝ հանգիստ մեր տանը կնստեինք, բայց չէ, ամեն ինչ պետք է բարդացնել: Բայց որ ուտելիքն է խայտառակություն…

Ասենք, եթե մենք չկարողանայինք դրսից ուտելիք պատվիրել, սոված կմնայինք՝ ցերեկը հաստ ներբերշիկ, իրիկունը բարակ նրբերշիկ, իսկ առավոտյան անհայտ ծագման ու վատ հոտով ձվածեղ: Ու զարմանում եմ, թե ովքե՞ր են այստեղ փողեր աշխատում, չգիտեմ, բայց սա ուղղակի խայտառակություն է: Եվ այս պատմության մեջ ամենածիծաղելին այն է, որ այս նույն ուտելիքից մի հատ էլ տալիս են 9 ամսական երեխային: Այնպես կուզեմ, որ նման ուտելիք տվողների երեխաները նման սնունդով մեծանան»,– գրել էր օգտատերը և հեշթեգով ավելացրել՝ «կարանտին 12-րդ օր, ամոթ է, ամոթ»:

168.am-ը կապ է հաստատել Նատալի Հարությունյանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք այս դժգոհությունների մասին տեղեկացրել են հյուրանոցի տնօրինությանը, հատկապես, որ իրենց հետ ունեն 9 ամսական երեխա: Նա նախ նշել է, որ այս պահին գտնվում են «Մինոթել» հյուրանոցում, որը գտնվում է Մհեր Մկրտչյան 8 հասցեում: «Հյուրանոցի անձնակազմը փորձում է ինչ-որ բաներ անել, բայց ասեմ, որ դա նրանց մոտ այդքան էլ չի ստացվելու, որովհետև հյուրանոցը շատ հին է: Վաղը լրանալու է երեխայի 9 ամսականը և նա ոչինչ չի ուտում, ես խնդրել եմ, որ դրսի սննդի օբյեկտներից իր համար ճարեր բերեն, որոնցից, որ ես եմ տանը պատրաստում, բայց դրանք այն չեն ու երեխան չի ուտում: Մեկ շաբաթ է՝ երեխան ոչինչ չի ուտում, մեր մասին էլ չասեմ, մենք վախենում ենք այստեղից որևէ բան վերցնել»,- ասաց նա:

Նատալի Հարությունյանի խոսքով՝ Դուբայ-Երևան չվերթով Հայաստան են վերադարձել մարտի 23-ին, անձնագրերի մեջ ունեցել են կնիքներ, նրանք վերադարձել են Վիետնամից: Նա նաև ընդգծել է, որ այս հարցերի շուրջ վիճում է տեղում իրենց աշխատանքը կատարողների հետ, որոնք հորդորում են զանգել Առողջապահության նախարարության «թեժ» գծին, այնտեղ էլ ասում են՝ զանգեք Առողջապահության նախարարություն ու այսպես որևէ մեկն իր հարցերին չի պատասխանում, ավելին՝ ասում են՝ «դե ձեզ համար հանգիստ նստեք էլի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում