Երկրում տիրող այս իրավիճակի պատասխանատուն վարչապետ Փաշինյանն ու իր իշխանությունն են. Իշխան Սաղաթելյան

Երկրում տիրող այս իրավիճակի պատասխանատուն վարչապետ Փաշինյանն ու իր իշխանությունն են. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Tert.amԻշխանությունն իր քայլերով ու գործողություններով անլրջացրեց իրավիճակը՝ սկսած սկզբնական շրջանում կորոնավիրուսի խնդիրն անտեսելուց, քարոզարշավ անցկացնելուց, վերջացրած իրենց հայտնի ելույթներից, մոտեցումներից ու հայտարարություններից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Իշխանության այս վերաբերմունքը, բնականաբար, փոխանցվեց նաև հասարակությանը և մթնոլորտ ստեղծվեց, թե սա անլուրջ է, կորոնավիրուսն էլ հասարակ գրիպ է և այլն: Հիմա, երբ խոսում են համընդհանուր հանգստությունից, բնականաբար, լավ է որ խուճապ չկա, բայց նաև պետք է հասկանան, որ այս ամեն ինչի պատասխանատուն և գլխավոր մեղավորը իրենք են, որ ի սկզբանե անլուրջ են մոտեցել այս հարցին»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Համաշխարհային բանկը կորոնավիրուսի դեմ պայքարին Հայաստանին հատկացրել է ընդամենը 3 մլն դոլար, Սաղաթելյանը նշեց. «Մենք մեր առաջարկությունների փաթեթի մեջ այս մասով մի քանի լուծումներ ենք առաջարկել. օրինակ՝ արտաքին պարտքի հետ կապված միջազգային գործընկերների հետ որոշ բանակցություններ ինչպես վարվեն՝ վերաձևակերպվեն դրանք, վճարումները ուշացնելու հետ կապված, և առաջարկել ենք նոր միջոցներ ներգրավվեն այս իրավիճակը հաղթահարելու համար: Ակնհայտ է, որ այս ուղղությամբ դեռ լուրջ արդյուքններ չունենք»,– նշեց նա:

Անդրադառնալով ՌԴ կողմից գազի գնի թանկացմանը՝ Սաղաթելյանը նշեց, որ ամեն ինչ շատ հստակ է. «Հայաստանի Հանրապետությունում կա ձևավորված իշխանություն և երկրում տեղի ունեցող ցանկացած լավի և վատի համար առաջին պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Նրանց բոլոր փորձերը՝ մեղքը սրա նրա վրա գցելու, անիմաստ են: Այս ամեն ինչի համար կան լիազրոված մարդիկ, դա իշխանությունն է: Իշխանությունն է, առաջին հերթին պատասխանատվություն կրում երկրում տեղի ունեցող ցանկացած իրավիճակի համար, ուստի երկրում տիրող այս իրավիճակի պատասխանատուն վարչապետ Փաշինյանն ու իր իշխանությունն է»,– հայտարարեց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունը պետք է տարբեր ճակատներով մեծ ծավալի աշխատանք տանի՝ սկսած միջազգային կազմակերպություններից,գործընկեր պետություններից, վերջացրած սոցիալ-տնտեսական հարցերով: «Մենք մի քանի անգամ ասել ենք, որ այս իրավիճակում երկրի առջև ծառացած հարցերը հնարավոր է հաղթահարել միասնական ուժերով, օգտագործելով ՝ երկրի ողջ ռեսուրսը: Այսինքն՝ պետք է ընդգրկվեն բոլոր անհատները, քաղաքական-հասարակական կազմակերպությունները, որոնք կկարողանան այս պայքարում օգտակար լինել: Իշխանությունը պետք է հաշվի առնի այս ամեն ինչը»,- շեշտեց բանախոսը:

Հարցին՝ իշխանության կողմից տարվող այդ մեծ ծավալի աշխատանքը տեսնո՞ւմ է, նա պատախենց. «Իշխանությունը մեծամիտ ու գոռոզամիտ է, այս նեղ պահին էլ առաջնորդվում է՝ «մենք շատ ենք, ինչ ուզենք կարող ենք անել, մեր դեմ խաղ չկա» սկզբունքով: Դրա վառ օրինակն է ԱԺ-ում հայտնի օրենքի ընդունումը (նկատի ունի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթը – Tert.am), որ առանց ընդդիմության անցկացրեցին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ գնալով դեպքերը շատանում են, վարակվածների թիվը երեկ 92 էր, այսօր՝ 73 երեք և արդեն ունենք 7 մահվան ելք, նա նշեց. «Ակնհայտ է՝ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, իշխանությունները գնում են դեպքերի զարգացման հետևից շատ հաճախ, այլ ոչ թե դրանք կանխարգելելու ուղղությամբ, քայլերը հաճախ արվում են ուշացած, որի արդյունում էլ ունենք այն, ինչ ունենք: Այս ամենով հանդերձ ես կրկին հաստատում եմ մեր՝ նախկինում հնչեցրած դիրքորոշումները, որ մենք մեկ նավի մեջ ենք, մեր պետությունը և ժողովուրդը ունի ծանր, դժվարին խնդիրներ և մեր բոլոր ուժերը, անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից, պետք է համախմբենք այս իրավիճակից նվազ կորուստներով դուրս գալու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում