«Վրաստանի պայքարը կորոնավիրուսի դեմ անսպասելիորեն հաջող է ընթանում». Foreign Policy
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Վրաստանի պայքարը կորոնավիրուսի դեմ անսպասելիորեն հաջող է ընթանում: Այս մասին գրում է ամերիկյան Foreign Policy պարբերականը` պատմելով այն երկրների մասին, որոնք որոշակի արդյունքների են հասել այս համաշխարհային մարտահրավերի դեմ պայքարում:
Հոդվածի հեղինակը նշում է, որ մի քանի երկրների հաջողությունը բավականին անսպասելի էր:
Foreign Policy-ի թղթակից Էմի Մակկինոնն ընդգծել է, որ Վրաստանը բավականին շուտ արձագանքեց կորոնավիրուսին:
«Չնայած փոքր երկիր լինելուն ու ծանր վիճակում գտնվող տնտեսությանը՝ փետրվարի վերջին երկիրը սկսեց լուրջ քայլեր ձեռնարկել, ներառյալ դպրոցների փակումն ու լայնամասշտաբ թեստերի անցկացումը: Վրաստանում այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 117 դեպք (ներկայում արդեն 148 է-Tert.am), և ոչ մի մարդ չի մահացել»,-նշել է Մակկինոնը:
«Ես կարծում եմ, որ կառավարության կողմից հենց սկզբից այս ամենը լուրջ ընդունելն օգնեց: Սա երկիր է, որը սովոր է ճգնաժամի, սա երկիր է, որը քաղաքացիական պատերազմներ և 2008 թվականին Ռուսաստանի ներխուժում է տեսել, 1990-ականներին էլ մութ ժամանակաշրջան է ապրել ԽՍՀՄ փլուզումից հետո»,- Մակկինոնի հետ զրույցում ասել է վրացի լրագրող Նատալյա Անթելավան:
«Վրաստանի, Թայվանի, Կանադայի, Հարավային Կորեայի և Իսլանդիայի օրինակները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը կարելի է կանգնեցնել»,- ասվում է հոդվածում:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 148-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 016 258 դեպք, 53 235-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 081 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում