Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել իր եղբոր ձերբակալության կապակցությամբ

Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հունիսի 28-ին հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալվել է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի եղբայր՝ Արմեն Չախալյանը: Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել Չախալյանը: «Օրենքի առջև հավասար են բոլորը: Սակայն եղբորս ձերբակալության հանգամանքները ինձ հիմքեր են տալիս պնդելու, որ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացված սադրիչ գործողություն է, որի հեղինակներն են տեղական ուժային կառույցներում դեռևս որոշ չափով իրենց ազդեցությունը պահպանած Սաակաշվիլու-Մերաբիշվիլու ռեժիմի նախկին կամակատարները:

Հիմքեր ունեմ պնդելու, որ այս սադրիչ քայլով վերոնշյալ շրջանակները փորձում են արհեստականորեն լարել մթնոլորտը հայ բնակչության և կենտրոնական իշխանությունների միջև, երկկողմանի անվստահության պայմաններում վերականգնել իշխանափոխությունից հետո իրենց խարխլված դիրքերը:

Գտնում եմ, որ տեղի ունեցածը մեծ չափով հետևանք է նրան, որ մեր երկրի ներկայիս իշխանությունները մինչ այժմ չեն դրսևորել անհրաժեշտ վճռականություն և քաղաքական կամք՝ Ջավախքի հայ բնակչության նկատմամբ նախորդ ռեժիմի հանցագործ քաղաքականության դատապարտման, արդարության վերականգնման, հայաբնակ շրջաններում օրենքի գերակայության և ժողովրդավարական արժեքների հաստատման սկզբունքային գործում:

Ուզում եմ հավատալ, որ իմ եղբոր ձերբակալման գործողությունը ծրագրավորած և իրականացրած ուժերը սխալ կգնտնվեն իրենց հաշվարկներում, նրանց սադրանքը կձախողվի:

Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ գործել, գործում և գործելու եմ բացառապես օրինականության սահմաններում: Հայտարարում եմ, որ անկախ ամեն ինչից շարունակելու եմ տարածաշրջանում լիարժեք ժողովրդավարության հաստատման, ջավախքահայության քաղաքացիական, լեզվական, կրթական, կրոնական և մշակութային իրավունքների պաշտպանությանն ուղղված իմ քաղաքական գործունեությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում