Պարետի և Առողջապահության նախարարի ասուլիսների ընթացքում AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը չեն հնչեցվել

Պարետի և Առողջապահության նախարարի ասուլիսների ընթացքում AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը չեն հնչեցվել

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, FacebookՀերթական անգամ բարձրաձայնում եմ պարետատան՝ լրատվականների հետ անհասկանալի, չհամակարգված, չկազմակերպված աշխատանքի, ասուլիսների ընթացքում առաջացող խոչընդոտների մասին։

Արդեն երկրորդ ասուլիսի ընթացքում AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը չեն հնչեցվում. մեկը՝ ՀՀ պարետի հետ ասուլիսին, մյուսը՝ ՀՀ առողջապահության նախարարի ասուլիսին։

Ուղարկվել են կարևոր հարցեր, որոնք որևէ լրատվականի կողմից չեն բարձրաձայնվել։

Պարետատան կողմից հայտարարվում է, որ լրատվականները կարող են իրենց հարցերն ուղարկել առցանց՝ Միասնական տեղեկատվական հարթակի ֆեյսբուքյան էջին։ Այդպես էլ արել ենք։ Նամակները տեսել են, բայց հարցերը չեն հնչեցրել, նամակներին չեն արձագանքում։ Որպեսզի մեզ լավ նկատեն, հարցերը տեղադրել ենք նաև ասուլիսի մասին հայտարարության և ասուլիսի ուղիղ հեռարձակման մեկնաբանություններում, նաև ուղարկել ենք առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի անձնական էջին։

Անհասկանալի է, թե ինչ սկզբունքով են ընտրվում լրատվականներն ու բարձրաձայնվող հարցերը և ինչու չեն հնչեցվում AntiFake.am-ի հարցերը։ Ո՞վ է սրա համար պատասխանատու։

Նամակ ենք ուղարկել տեղեկատվական հարթակի էջին՝ առաջարկելով հաջորդ անգամ հարցուպատասխանը սկսել AntiFake.am-ի ուղարկած հարցերից, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ խտրականություն է դրսևորվում լրատվականների նկատմամբ։ Այս նամակը նույնպես անարձագանք է մնացել։

Անարձագանք են մնացել նաև բազմաթիվ նամակներ ու զանգեր խոսնակներին՝ արագ պատասխան ենթադրող կարևոր հարցերով։

Եթե հաջորդ անգամ էլ մեր հարցերը չընթերցվեն, ստիպված կլինենք ավելի կոշտ արձագանքել և մտածել կոնկրետ քայլեր ձեռնարկելու մասին։

Աստղիկ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում