Արցախում անհապաղ կոնսենսուսային համաձայնություն է պահանջվում. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան

Արցախում անհապաղ կոնսենսուսային համաձայնություն է պահանջվում. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Հայոց բանակի պահեստազորի գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի պատվավոր նախագահ Հայկ Քոթանջյանն այսօր դիմել է Արցախի Հանրապետության իշխանություններին ու հանրությանը: Գեներալի խոսքը մեջբերել է golosarmenii.am կայքը:

«Ադրբեջանական ագրեսիայի մեկնարկի օրը (2016 թվականի ապրիլի 2-ին) և վերջերս Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքներից ելնելով՝ պատիվ ունեմ դիմել Արցախի հարգելի իշխանություններին և հանրությանը:

2020 թվականի մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին 76 000 ընտրողի մասնակցությունից հետո բարձրացել է մարդկանց՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Այս պայմաններում արտակարգ դրության հայտարարումն Արցախում դառնում է պարտադիր պայման Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պաշտպանությունը երաշխավորելու համար:

Արցախի ժողովրդի անվտանգության և ղարաբաղյան հասարակության կայունության պահպանման համար նպատակահարմար է շտապ կոնսենսուսային համաձայնագիր կնքել այն կուսակցությունների և դաշինքների միջև, որոնք մասնակցել են մարտի 31-ի ընտրություններին` որակավորված իրավագետների և քաղաքագետների ներգրավմամբ:

Հարգանքներով, Հայկ Քոթանջյան»:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին Արայիկ Հարությունյանն ստացել էր 49,26% ձայն, Մասիս Մայիլյանը՝ 26,4%, Վիտալի Բալասանյանը` 14,7%։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։

Նախագահական ընտրություններին զուգահեռ, նույն օրն Արցախում անցկացվել են նաև խորհրդարանական ընտրություններ և ամենից շատ՝ 40 տոկոս քվե է ստացել Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» քաղաքական ուժը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում