Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս

Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Panorama.am«Այո, մեր կողմից նախաձեռնվել է գազի գնի շուրջ բանակցություններ սկսելու ցանկություն։ Եվ մենք մեր ռուս գործընկերներին տեղեկացրել ենք այդ մասին»,-քիչ առաջ մեկնարկած ասուլիսում հայտարարեց, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ այս առումով տեղեկատվություն տրամադրող լավագույն անձը կարող է լինել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Թե ինչ փուլով ու ընթացակարգով կընթանան այդ բանակցությունները, ըստ Ավինյանի, վաղ է ասել։

«Այնուամենայնիվ, շուկայում նավթի ու գազի գնի տատանումները մեզ տալիս են վերանայման համար նախնական բոլոր հիմքերը, կարծում եմ, մեր ռուս գործընկերների հետ շատ շուտով կունենանք այդ քննարկումները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ձեռնարկություններին աջակցության տրամադրման ծրագրերին ու հարցին, թե ինչպես են դրանք ընտրվելու, Տիգրան Ավինյանն ասաց, դրանք համակարգվում են վարչապետի կողմից։

«Այն ծրագրերը, որոնք արդեն իսկ ներկայացվել են, դեռևս իրականացման ամբողջական փուլ չեն մտել, հընթացս լավարկվելու են ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական ծրագրերը։ Այնուամենայնիվ, ուզում եմ տեղեկացնել, որ սա միգուցե դեռևս ամբողջական փաթեթը չէ։ Կարծում եմ կառավարության կողմից հստակ կարձանագրվեն մեխանիզմները, թե որ ծրագրով ինչպես կարելի է դիմել»,– ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում