Տանից դուրս գալուց, բացի անձնագրից ու թերթիկից ոչ հեռախոս եմ վերցնելու, ոչ ֆաքս, ոչ քսերոքս. Ռուբեն Մխիթարյան

Տանից դուրս գալուց, բացի անձնագրից ու թերթիկից ոչ հեռախոս եմ վերցնելու, ոչ ֆաքս, ոչ քսերոքս. Ռուբեն Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, FacebookՏիկնայք և պարոնայք, ես ձեզ չեմ հավատում

Այսօր ԱԺ-ն քննարկում է 2-րդ ընթերցմամբ հեռախոսների միջոցով մարդու անձնական կյանքին կոպտորեն միջամտելու և անձնական կյանքը վերահսկելու օրինագիծը, ներկայացնելով դա, որպես մարդկային կյանքեր փրկելու կարևոր միջոց և ոչ ավելին:

ԵՍ ՁԵԶ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, որովհետև նոր կորոնավիրուսի հետ կապված դուք և ձեր կառավարությունը ինձ անդադար խաբել եք:

Փետրվարի 27-ին առողջապահության նախարարը պնդում էր, որ յուրահատուկ ոչ մի միջոցի կարիք չկա, իսկ մեկ ամիս անց մենք ունենք 500-ից ավել հիվանդ և 3 մահ:

Մարտ ամսին ասվում էր կորոնավիրուսի շնաբարո ծագումնաբանության մասին և պինցետով ու տնական օղիով չեզոքացման բացառիկության մասին (իսկ հիմար աշխարհը ընկած դեղ ու պատվաստանյութ է փնտրում), իսկ այսօր արագ կառուցվում են բազմաթիվ նոր մոդուլային բժշկական մասնաշենքեր, աշխատանքի են հրավիրվում շտապ.օգնության մեքենաների վարորդներ, բուժքույրեր, բժիշկներ, հյուրանոցներում տեղավորվում են մեկուսացման ենթակա մարդիկ: Յուրահատուկ ոչ մի միջոցի կարիք չկա՞ր, պարոնայք:

Մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն ու ձեզնից ոչ մեկ, հարգելի իշխանական պատգամավորներ, մի անգամ չասեց, որ այ կառավարություն, ձեր որդեգրած նախնական միջոցները ոչ էֆեկտիվ են ու թույլ: Այսօր դուք խոսում եք մարդկային կյանքեր փրկելու էս օրինագծի բացառիկության մասի՞ն: Դուք, որ ծպտուն չէիք հանում, երբ ձեր կուսակից ընկերները և կառավարության ղեկավարը քարկոծման թիրախ դարձրեցին էջմիածնեցի կնո՞ջը, որին մոտ 10 օր հալածում էին ով ինչպես կարողացավ: Մարդը ձեր համար բարձրագույն արժե՞ք է: Լու՞րջ:

Ես ձեզ չեմ հավատում, որ դուք մեր հեռախոսները չեք գաղտնալսելու: Դրա ձայնն էլ հետո դուրս կգա:

Այդ իսկ պատճառով հայտարարում եմ, որ մինչև արտակարգ դրության ավարտ զանգելու եմ ընկերներիս, գործընկերներիս և հարազատներիս միայն ֆորսմաժորային իրավիճակներում: Նույնը ակնկալում եմ ձեզնից, բարեկամներ: Տանից դուրս գալուց, բացի անձնագրից ու թերթիկից ոչ հեռախոս եմ վերցնելու, ոչ ֆաքս, ոչ քսերոքս:

#չեմ_հավատում

Ռուբեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում