«Մեդիա պաշտպան»-ը՝ որպես դիտորդ, հանդես կգա Արցախի համապետական ընտրություններին

«Մեդիա պաշտպան»-ը՝ որպես դիտորդ, հանդես կգա Արցախի համապետական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Times.am: «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում արված գրառումից տեղեկանում ենք, որ Արցախի համապետական ընտրություններին «Մեդիա պաշտպան»-ը հանդես է գալու որպես դիտորդ: Հայկական երկրորդ հանրապետությունում վաղը սպասվող համապետական ընտրությունների վերաբերյալ գրառումը՝ ստորև.

«Արցախում այսօր լռության օր է՝ նախընտրական քարոզչությունն արգելված է։ Վաղը կկայանան նախագահական և Ազգային ժողովի ընտրություններ։

Ընտրություններին մասնակցելու է նախագահի 14 թեկնածու: Աննախադեպ մեծ է նաև խորհրդարանական ընտրապայքարի մասնակիցների թիվը՝ 10 կուսակցություն և 2 դաշինք, ընդհանուր՝ 359 թեկնածու: Ի դեպ, Արցախի պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ են անցկացվում նախագայի և ԱԺ-ի ընտրությունները, բացի այդ, առաջին անգամ է, որ հանրապետության նախագահի պաշտոնին հավակնում են 2 կին թեկնածուներ՝ Քրիստին Բալայանն ու Բելլա Լալայանը:

Համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով Արցախի ԿԸՀ-ում հավատարմագրվել են գրեթե 4 տասնյակ լրատվամիջոցների 200-ից ավելի ներկայացուցիչներ: Կազմավորվել է 282 ընտրական տեղամաս, որից մեկը՝ ՀՀ-ում:

Դիտորդական առաքելության համար միայն Արցախից և ՀՀ-ից հավատարմագրվել է 19 կազմակերպություն, դիտորդների թիվը 936 է:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս հանդես է գալիս որպես դիտորդ: Սերգեյ Չամանյանն այսօր առանց խոչընդոտի հատել է սահմանը, երկու կողմում էլ համապատասխան ստուգումներն իրականացվել են՝ ստուգել են ԿԸՀ-ի տեղեկանքը, գրանցել են, ջերմաչափում է իրականացվել: Մենք հետևելու ենք վաղը կայանալիք ընտրությունների ընթացքին, արձանագրված խախտումները ֆիքսվելու են: Ի դեպ, երեկ Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացավ Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը: Ներկա էին առաջադրված 14 թեկնածուներից 12-ը: Բանավեճին չէին մասնակցում Քրիստին Բալայանը եւ Մասիս Մայիլյանը: Նշենք, որ չնայած Հայաստանից եւ Արցախից հնչող բազմաթիվ կոչերին՝ հետաձգել ընտրությունները` հաշվի առնելով Արցախում կորոնավիրուսի տարածման վտանգը, այնուամենայնիվ, Արցախի իշխանություները որոշեցին, որ ընտրությունները կկայանան: Արցախի ողջ ժողովրդին մաղթում ենք առողջություն, հուսանք՝ ընտրությունները կկայանան առողջ ու փոխհամագործակցության մթնոլորտում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում