Ժողովրդավար երկրում նման նախաձեռնությունն ապագա չի կարող ունենալ. Երվանդ Վարոսյան

Ժողովրդավար երկրում նման նախաձեռնությունն ապագա չի կարող ունենալ. Երվանդ Վարոսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.amԱյդ օրենքի փոփոխության նախագիծը հիմնավորում չունի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթին, որով ՀՀ-ում համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:

«Օրինագծի հիմնավորումների հատվածից պարզ է դառնում, որ այն չունի հիմնավորում․ առաջին հերթին կասկածահարույց է։ Ընդունելով հանդերձ, որ արտակարգ դրության ընթացքում կարող են տեղի ունենալ իրավունքի սահմանափակման դրսևորումներ, համաճարակի վերահսկման տեսանկյունից անհասկանալի է մնում օգտատերերի հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ու զանգերի տեղակայման անհրաժեշտությունը․ վարակը կրելու կասկածանքով հեռախոսներում որոշակի ծրագիր ներբեռնելու պահանջն ամենաանհասկանալի պահանջն է»,-ասաց նա:

Երվանդ Վարոսյանը անհասկանալի համարեց, թե ինչու պետք է պետությունը հնարավորություն ունենա քաղաքացուն պարտադրել այս կամ այն ծրագիրը ներբեռնել։ «Դա ի՞նչ ծրագիր է, ո՞վ է այն երաշխավորել իբրև անվտանգ ծրագիր, ո՞վ կարող է երաշխավորել, որ այն կարող է ապահովել միայն արտակարգ դրությամբ պայմանավորված տեղեկատվության հավաքում, ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ ծրագրի գործողությունը կդադարեցվի արտակարգ դրության ավարտի հետ։ Սա ամբողջությամբ անհասկանալի է։ Չունենալով համապատասխան հիմնավորումներ՝ կարող ենք փաստել, որ տեղեկատվության նման հավաքման գործընթացը կարող է պարունակել քաղաքացիների իրավունքների անհարկի սահմանափակման դրսևորումներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մտահոգությանը, թե կառավարությունը սա օգտագործում է քաղաքացիների տվյալները հավաքագրելու նպատակով, Վարոսյանը նշեց, որ ուղիղ այդ հարցին պատասխանել հնարավոր չէ, սակայն առկա վիճակն ու հիմնավորումների բացակայությունը հիմքեր չի տալիս իր կողմից նշված վտանգը բացառված համարելու համար։

Անդրադառնալով այլ երկրների փորձին՝ Երվանդ Վարոսյանը համոզմունք հայտնեց, որ ժողովրդավարական ցանկացած երկրում նման նախաձեռնությունն ապագա ունենալ չի կարող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում