Կառավարության որոշմամբ կորոնավիրուսից տուժած ոլորտների մոտ 100 հազար աշխատողների կտրամադրվի աջակցություն

Կառավարության որոշմամբ կորոնավիրուսից տուժած ոլորտների մոտ 100 հազար աշխատողների կտրամադրվի աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Panorama.amԿառավարության արտահերթ նիստում ընդունված որոշմամբ հաստատված ութերորդ միջոցառումը վերաբերում է կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։

Նիստում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ներկայացրեց՝ շահառուների թիվը հասնում է 100 հազարի, բյուջեն գերազանցում է 10 մլրդ դրամը։

«Ծրագրից օգտվելու համար կառավարության հաջորդ նիստին տիկին Բաթոյանը կներկայացնի սահմանված կարգը, քաղաքացին դիմելու www.online.ssa.am կայքի միջոցով, իրենց անմիջապես կպատասխանեն՝ ծրագրի շահառու է ինքը, թե՞ ոչ։ Եթե շահառու են, նշելու են իրենց բանկը, որտեղ հաշվեհամար ունեն, մեկ-երկու օրվա ընթացքում կնստի գումարը»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ավելացրեց, որ կոմիտեում առկա տեղեկատվության միջոցով է անձը համարվելու շահառու կամ ոչ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ այս առումով ընդգծեց ստվերային աշխատողների խնդիրը, նրանք փաստացի չեն կարող օգտվել աջակցության այս ծրագրերից, բացի այդ ստվերային է ոչ միայն աշխատակիցների թիվը, այլև աշխատավարձի չափը։

Փաշինյանն ընդգծեց, քաղաքացիները պետք է պահանջեն, շահագրգռված լինեն գրանցվելու առումով, քանի որ իրենք են շահառուն, հետո դա ազդելու է նաև կենսթոշակի չափի վրա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նկատեց, շատ դեպքերում գործատուն չի ցանկանում գրանցել, ապա տեղեկացրեց՝ նախարարության կայքում կլինի առանձնացված մաս, նվիրված այդ ծրագրերին։

Ըստ որոշման, այս ծրագրի շահառուներն են մասնավորապես՝

· հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,

· հանրային սննդի ծառայություններ,

· զբոսաշրջային ծառայություններ,

· վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,

· մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող:

1. Սույն միջոցառման իմաստով Տուժած ոլորտ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է (անկախ չափից և համամասնությունից) նաև սննդամթերք և/կամ ծխախոտ և/կամ դեղորայք և/կամ ալկոհոլային խմիչք:

2. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը ոչ) գործունեություն ծավալող գործատու տնտեսվարող սուբյեկտների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) (այսուհետ՝ Գործատու) աշխատակիցների աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ:

3. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը ոչ) գործունեություն ծավալող՝ Շահառու հանդիսացող անհատ ձեռնարկատերերի աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ:

4. Վարձու աշխատողները Շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են Տուժած ոլորտների վարձու աշխատողներ:

5. Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝

1) վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափով և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը,

2) վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից,

3) անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափով և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը,

4) անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից:

6. Աջակցությունը տրամադրվում է Շահառուի կողմից www.online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:

7. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած անձանց տվյալները հրապարակվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

8. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում աջակցությունը տրվում է մեկ անգամ՝ աջակցության չափը որոշելու համար հիմք ընդունելով Տուժած ոլորտներում գործող բոլոր գործատուներից 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը:

9. Միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր հանդիսացող Շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում որպես վարձու աշխատող և որպես անհատ ձեռնարկատեր հաշվարկված աջակցության չափերի առավելագույնով:

Հանձնարարվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև ապրիլի 9-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ նպաստի տրամադրման կարգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում