Ո՞ր քաղաքացիներին է տրամադրվելու նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն

Ո՞ր քաղաքացիներին է տրամադրվելու նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Panorama.amԿառավարությունն արտահերթ նիստում քննարկեց ու հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել վիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած քաղաքացիներին:

«Մենք այս միջոցառումով ասում ենք, որ եթե մեր քաղաքացիները մինչև մարտի 13-ը կորցրել են իրենց աշխատանքն ու նոր աշխատանք գտնել չեն կարողացել, և մեր նախորդ ծրագրի շահառու չեն, որը վերաբերում է անչափահաս երեխա ունենալու հանգամանքին, նրանց մենք տրամադրում ենք միանվագ օգնություն նվազագույն աշխատավարձի չափով»,- որոշումն ըստ էության ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանրամասնեց, որ միջոցառման շահառու են հանդիսանում այն քաղաքացիները, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն 2020թ. հունվարի 1–ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում:

Նախարարի խոսքով, ըստ որոշման, աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝

1) ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը,

2) ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա,

3) 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել,

4) ով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու է հանդիսացել։

Ըստ որոշման, քաղաքացու աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:

Նիստում հանձնարարվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝ մինչև ապրիլի 2-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ նպաստի տրամադրման կարգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում